
Հեղաշրջում կամ նմանատիպ բան չի լինի․ Ղրղզստանի նախագահը՝ երկրում իրավիճակի մասին
Ղրղզստանի Հանրապետությունում բռնի իշխանափոխության հիմքեր չկան․ հայտարարել է նախագահ Սադիր Ժապարովը Բիշքեկում «Քաբար» պետական լրատվական գործակալության ներկայացուցիչների հետ զրույցի ժամանակ։
«Հեղաշրջում կամ նմանատիպ բան չի լինի։ Նախ՝ օրենքը դա չի նախատեսում, և երկրորդ՝ նման իրավիճակ գոյություն չունի», – ընդգծել է քաղաքական գործիչը։
Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին Ղրղզստանի առաջնորդն աշխատանքից ազատել է իր վաղեմի գործընկեր Կամչիբեկ Տաշիևին, որը զբաղեցնում էր Նախարարների կաբինետի նախագահի տեղակալի և Ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավարի պաշտոնները։ Դրանից հետո հրաժարական է տվել խորհրդարանի նախագահը, իսկ մի քանի նախարարներ կորցրել են իրենց պորտֆելները:


