
Գյուղացին կաթը հանձնում է լիտրը 150 դրամ, խանութում այն վաճառվում է 6 անգամ թանկ․ պատգամավոր
Այսօր Շիրակի մարզում կաթը գյուղացիներից մթերվում է 150-160 դրամ՝ մեկ լիտրի դիմաց, բայց միևնույն ժամանակ նույն այդ կաթը խանութում վաճառվում է մինչև 900 դրամ․ Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը։
«Այս թվերը պարզապես շուկայական տատանումներ չեն։ Սա կառուցվածքային անհավասարակշռություն է, որը խաթարում է գյուղատնտեսական ամբողջ շղթան և հարվածում է ինչպես արտադրողին, այնպես էլ սպառողին։ Սա այլևս տնտեսական մանր խնդիր չէ, այլ՝ պետական քաղաքականության արդյունավետության դրսևորում։
Շիրակի գյուղերում անասնապահությամբ զբաղվելը դարձել է անհեռանկար գործունեություն։ Գյուղացին աշխատում է գրեթե առանց շահույթի, ինչի հետևանքով շատերը մտածում են անասունների գլխաքանակը կրճատելու կամ անասնապահությամբ առհասարակ չզբաղվելու մասին։
Գյուղացու աշխատանքը չի կարելի գնահատել 150 դրամով․ դա ոչ միայն տնտեսական անհավասարակշռություն է, այլ սոցիալական արդարության խախտում։ Պետության առաջնահերթությունը պետք է լինի գյուղացիների պաշտպանությունը և արդար մրցակցության ապահովումը։ Առանց դրա հնարավոր չէ ունենալ կայուն գյուղատնտեսություն, ուժեղ մարզ և սոցիալական համերաշխություն»,- նշել է նա։


