
Ինչո՞ւ Հունաստանի ՀՅԴ-ականները չեն ցանկանում հանդիպել Աթենք մեկնող ՀՀ նախագահին
ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական կոմիտեն հայատարարություն է տարածել և անդրադարձել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ վաղը՝ փետրվարի 17-ին, պետական այցով Հունաստան կատարելիք այցին։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․
«Հետևում ենք ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի Աթենք պաշտոնական այցին և վերահաստատում, որ հայ-հունական պատմական բարեկամությունն ու բազմոլորտ գործակցության զարգացումը բխում է երկու պետությունների և ժողովուրդների կենսական շահերից։ Պետական բարձր մակարդակի հարաբերությունների խորացումը ողջունելի է՝ ակնկալելով, որ այն ծառայելու է տարածաշրջանային կայունությանը և ժողովուրդների բարօրությանը։
Միևնույն ժամանակ, Հայաստանի ներքին կյանքում արձանագրվող զարգացումները խոր մտահոգություն են առաջացնում։ Ներկայ իշխանության վարքագիծը պատճառ է դառնում ազգային արժեքների նսեմացման, Ադրբեջանի նկրտումների դիմաց զիջողական ընթացքի և քաղաքական օրակարգից Արցախի հիմնահարցի ամբողջական դուրս մղման ։ Շարունակվող քաղաքական ճնշումները ընդդիմադիր անձանց և հասարակական գործիչների նկատմամբ, հիմնարար իրավունքների սահմանափակումը և հասարակական պառակտման խորացումը վտանգում են երկրի ժողովրդավարական հիմքերը։ Անընդունելի է նաև, երբ պետական պաշտոնյաները նպատակային փորձում են վարկաբեկել Դաշնակցության ազգային ու քաղաքական դերակատարումը։
Լրջագույնս մտահոգիչ է նաև ընդդեմ Հայ Առաքելական Եկեղեցու ուղղված քայլերը։ Հոգևորականների նկատմամբ հետապնդումները վկայում են պետական լծակների օգտագործման մասին՝ եկեղեցու հեղինակությունը խաթարելու և ազգային միասնականությունը թուլացնելու նպատակով։
Հայաստանի Հանրապետության նախագահը, որպես Սահմանադրության երաշխավոր, պարտավոր է պաշտպանել քաղաքացիների իրավունքները և ապահովել քաղաքական առողջ մթնոլորտ։ Դժբախտաբար, նրա ներկա կեցվածքն ամբողջությամբ համընկնում է գործող իշխանության քաղաքական ուղեգծին՝ զուրկ հավասարակշռությունից և համերաշխությունից։
Այս պայմաններում մենք պատշաճ չենք համարում մասնակցել նախագահի հետ նախատեսվող հանդիպումներին և միջոցառումներին»։


