17 Փտր
2026
9° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը բանակցելու է միջուկային ծրագրի և դրա դիմաց ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման շուրջ․ իրանագետ

Իրանը բանակցելու է միջուկային ծրագրի և դրա դիմաց ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման շուրջ․ իրանագետ

Օմանի միջնորդությամբ Ժնևում ավարտվեց ԱՄՆ-Իրան անուղղակի շփումների երկրորդ փուլը. գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Լիարժեք և ուղղակի երկկողմ բանակցությունների մասին խոսելը դեռևս վաղ է։ Հստակ չէ նաև դրանց օրակարգը, սակայն իրանական կողմից հստակ մատնանշվել են «կարմիր գծեր»՝ Իրանը բանակցելու է միայն միջուկային ծրագրի և դրա դիմաց ԱՄՆ- պատժամիջոցների վերացման շուրջ, և չի քննարկելու հրթիռային ծրագիրը և տարածաշրջանային իր արբանյակ ուժերի խնդիրը։

Միջուկային ծրագրի շրջանակներում նույնպես Թեհրանի կողմից սահմանվել են սկզբունքներ՝ Իրանն ունենալու է խաղաղ միջուկային ծրագիր և դրա շրջանակներում ուրանի սեփական հարստացում, արդեն իսկ առկա 60 տոկոս և ավելի հարստացված ուրանի պաշարը դուրս չի բերվելու երկրից, սակայն հնարավոր է դրա հարստացման մակարդակի նվազեցում։

Դատելով Իրանի արտգործնախարար Արաղչիի հայտարարություններից՝ կողմերի դիրքորոշումները դեռևս հեռու են միմյանց մոտ լինելուց, սակյան հստակեցվել են «ուղեցույց սկզբունքներ» և առկա է դրական ֆոն։

Այս ամենին զուգահեռ պատերազմական անզիջում հռետորաբանությունը պահպանվում է երկու կողմերից էլ, ինչը ցուցիչ է, որ բանակցային ուղուն զուգահեռ, կողմերը միմյանց վրա գործադրում են նաև ռազմական ներգործության սպառնալիքի հանգամանքը։

Եթե ԱՄՆ-ն այս պահին առաջնորդվում է անգլիական հայտնի «նավատորմի սպառնալիքով զսպում» («fleet in beeing») սկզբունքով, ապա Իրանն օգտագործում է «տարածաշրջանային պատերազմի սպառնալիքով զսպում» մեթոդաբանությունը, որը կարելի է դիտարկել՝ որպես իրանական նորամուծություն»,- նշում է իրանագետը։

 

Ռազմագերիներ