18 Փտր
2026
15° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ո՛չ սնունդ կա, ո՛չ վառելիք, ո՛չ զբոսաշրջիկներ. ԱՄՆ ճնշման տակ կյանքը Կուբայում կանգ է առնում

Ո՛չ սնունդ կա, ո՛չ վառելիք, ո՛չ զբոսաշրջիկներ. ԱՄՆ ճնշման տակ կյանքը Կուբայում կանգ է առնում

Այժմ Կուբան, հնարավոր է, ապրում է տնտեսական անորոշության ամենախոր ճգնաժամը՝ խնդիր, որին կղզու բնակիչները բախվել են տասնամյակներ շարունակ, եթե ոչ ամբողջ կյանքում․ գրում է CNN-ը։

Վենեսուելայում ռազմական գործողությունների և Մեքսիկայի նկատմամբ մաքսատուրքերի սպառնալիքների միջոցով Թրամփի վարչակազմը դադարեցրել է նավթի հոսքը դեպի Կուբա՝ փորձելով ստիպել կոմունիստական ​​​​կառավարում ունեցող կղզուն իրականացնել նշանակալի քաղաքական և տնտեսական բարեփոխումներ։

Կղզում մնացած նավթի պաշարներն սպառվում են, իսկ բնակիչների համար վառելիքի և զբոսաշրջիկների կորուստն աղետալի է։

Կյանքը դանդաղորեն կանգ է առնում այս գրեթե 10 միլիոն բնակչություն ունեցող կղզում․ դասերը շատ դպրոցներում դադարեցվել են, իսկ աշխատողներն ուղարկվել են հարկադիր պարապուրդի՝ էներգիա խնայելու նպատակով։ Դատարկ հյուրանոցները փակվել են, իսկ Ռուսաստանից և Կանադայից չվերթները՝ չեղարկվել, քանի որ կղզում բավարար քանակությամբ ավիացիոն վառելիք չկա ավելի երկար միջազգային չվերթների համար։

Պետական ​​​​շատ հիվանդանոցներ կրճատել են ծառայությունները, իսկ վառելիքի և աղբատար մեքենաների պակասը հանգեցրել է տարբեր թաղամասերում աղբի կուտակման։ Գիշերը մայրաքաղաք Հավանայի երկնքում աստղերը հաճախ լավ տեսանելի են, քանի որ քաղաքի մեծ մասը պատված է գրեթե լիակատար խավարով։

«Նավթ չկա, փող չկա, ոչինչ չկա», – երկուշաբթի լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ հավելելով, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ղեկավարում է կուբացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանակցությունները։

Ռուբիոն, որը ծագումով Կուբայից է, նախկինում ասել էր, որ կղզու կոմունիստական ​​ղեկավարության հետ մտադիր է քննարկել միայն այն, թե երբ են նրանք պատրաստվում հրաժարվել իշխանությունից։

Հիշեցնենք, որ հունվարի վերջին Թրամփը ստորագրեց գործադիր հրամանագիր, որը մաքսատուրքեր սահմանեց Կուբային նավթ վաճառող կամ մատակարարող երկրներից ԱՄՆ ներկրվող ցանկացած ապրանքի համար, իսկ Վենեսուելայի գործողությունից հետո ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ վենեսուելական նավթ այլևս չի ուղարկվի Կուբա՝ նշելով, որ Կուբայի կառավարության տապալումը մոտ է։ 

Ռազմագերիներ