
Մենք սիրում ենք լիդերներ լինել, բայց հասարակության առողջացումն այլ բան է հուշում. քննարկում
Տեղի ունեցավ «Պատերազմի անտեսանելի հետևանքներ. կոլեկտիվ տրավմա և առաջարկվող լուծումներ» թեմայով պանելային քննարկում, որին հրավիրված էր 4 բանախոս։
«Ամբողջ հասարակությունը կրում է պատերազմի հետևանքները՝ խորությամբ, բազում շերտերով։ Մենք ոչ թե պետք է մտածենք՝ ճգնաժամը լինի, հետո դիմակայենք, այլ հակառակը՝ դիմակայուն լինենք ցանկացած վիճակի համար։ Մենք չենք բուժում, մենք օգնում ենք մարդկանց վերագտնել իրենց։ Մենք տալիս ենք մարդկանց այբուբեն ու քերականություն, թե մարդն ինչպես է ձևակերպում ու տեսնում իր ապագան, ընտրության հարց է»,- ասաց Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամի ծրագրերի ղեկավար Անի Մանուկյանը։
Ծանր վիճակում գտնվող քաղաքացիներն առաջինը հանդիպում են սոցաշխատողներին։ Եվ նրանց հետ սոցաշխատողը պետք է շատ կոկիկ ու գրագետ վարվի. քննարկմանն ասաց Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը։
«Առաջնագծի աշխատողների՝ սոցաշխատողների թիվը մեր երկրում կատաստրոֆիկ քիչ է։ Համայնքներում նրանց թիվը պետք է մեծանա։ Դե չենք կարող Մարսից բերել, դրա համար առնվազն ոստիկանների, ուսուցիչների և ադմինիստրատիվ աշխատանք կատարողների միջոցով կարող ենք ապահովել։ Նրանք պետք է հարաբերվելու ձևերը սովորեն, որպեսզի կանխեն ծանր վիճակում գտնվող քաղաքացիների ծայրահեղ քայլերը»,- ասաց Միրա Անտոնյանը։
Ըստ նրա` որքան մարդ ինտելեկտուալ է լինում, այնքան ավելի քիչ է բարձրաձայնում իր խնդիրներն ու հարաբերվում, պատմում ցավերը սոցաշխատողներին, հոգեբաններին։
Մոդերատոր Հովհաննես Նիկողոսյանը, որ Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամի նախագահն է, հարց ուղղեց բանախոսներին. ինչպիսի՞նն են այն հասարակությունները, որոնք հետպատերազմյան փուլից հետո փորձում են վերականգնել, և ի՞նչ պետք է անեն։ ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանն օրինակով պատասխանեց.
«Սյունիքում ադրբեջանական դրոշի հարևանությամբ ընտանիքներ են ապրում։ Նրանց հարցրինք՝ վախենո՞ւմ եք, ասացին՝ մենք ի նշան ամրության կապել ենք պարանն ու կախել մեր երեխաների հագուստները։ Կինը տրավմատիկ վիճակներին այլ կերպ է արձագանքում, բայց պետք է իմանալ. «Չես կարողը» տրավմատիկ վիճակ է ստեղծում։ Եթե մենք ասենք՝ «կարող ենք» և ցույց տանք օրինակով, շատ հեշտությամբ առաջ կգնանք»,- ասաց Աթանեսյանը։
Միրա Անտոնյանը որպես ճանապարհ գործն է տեսնում։ «Գործել է պետք. ինքնասիրահարվածության չափը պետք է քչացնենք, տեսնենք՝ ինչ վիճակում ենք, և միասին հարց տանք՝ ի՞նչ անենք հաջորդիվ։ Մենք պետք է խթան տանք այդ «ի՞նչ անենք» մտքին, որպեսզի պոզիտիվ մտածողների բանակը մեծանա»,- ասաց Անտոնյանը։
Եզրափակելով՝ Անի Մանուկյանն ասաց. «Ազգային դիմագիծն այնպիսինն է, որ մենք լիդերային մտածելակերպ ունենք, սիրում ենք առանձին գործել, բայց ի շահ մեր հասարակության առողջացման պետք է միավորենք մեր ուժերը»։


