19 Փտր
2026
12° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ում արձանագրվել է «Չիկունգունիա տենդ» հիվանդության դեպք

ՀՀ-ում արձանագրվել է «Չիկունգունիա տենդ» հիվանդության դեպք

Փետրվարի 18-ին ՀՀ-ում արձանագրվել է «Չիկունգունիա տենդ» հիվանդության դեպք։ Հիվանդը վարակվել է Սեյշելյան կղզիներում մոծակի խայթոցից։ Տվյալ պահին հիվանդի առողջական վիճակը գնահատվում է բավարար․ հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

«Հիվանդության գաղտնի շրջանը կազմում է 2-12 օր, հիմնական ախտանշաններն են՝ տենդ, սաստիկ հոդացավ, մկանացավ, մաշկային ցանավորում, թուլություն։ Վարակը փոխանցվում է մոծակի խայթոցի միջոցով։ Վարակը մարդուց մարդուն չի փոխանցվում, մասնահատուկ բուժում չունի։ Վարակի դեմ պատվաստանյութը չի ստացել լայն կիրառում։ Ռիսկի խմբեր են համարվում քրոնիկ հիվանդություններ ունեցող և տարեց մարդիկ, ինչպես նաև հղիները։ Մահացության դեպքերը հազվադեպ են և վարակվածների շրջանում կազմում են մոտավոր 0.1%(հիմնականում տարեցներ, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք)։

Վարակվելու հավանական ռիսկերը նվազեցնելու համար անհրաժեշտ է․

  • օգտագործել հակամիջատային ցանցեր
  • կրել փակ, երկարաճիտք հագուստ
  • օգտագործել միջատավանիչ նյութեր և սարքեր

Հիշեցում ճանապարհորդներին

Վերջին ժամանակահատվածում Սեյշելյան կղզիներում, Շրի Լանկայում, Սուրինամում, Բոլիվիայում և Կուբայում արձանագրվել են Չիկունգունիա տենդի բռնկումներ։ Նշված տարածաշրջաններից վերադառնալիս նման ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է դիմել բժիշկ՝ վարակաբանի»,- ասված է հայտարարության մեջ։

Ռազմագերիներ