
Վատիկանն արհեստական բանականություն կօգտագործի պատարագները 60 լեզվով թարգմանելու համար
Վատիկանն արհեստական բանականություն կօգտագործի պատարագները 60 լեզվով թարգմանելու համար․ գրում է Euronews-ը։
Ծրագիրը թույլ կտա հավատացյալներին պատարագներին հետևել իրենց սմարթֆոններով․ այն կմեկնարկի հաջորդ շաբաթ՝ Սուրբ Պետրոսի տաճարում կայանալիք տոնակատարությունների ժամանակ։
«Սուրբ Պետրոսի տաճարը դարեր շարունակ ընդունել է բոլոր ազգերի և լեզուների հավատացյալներին»,- հայտարարության մեջ ասել է տաճարի արքեպիսկոպոս և Վատիկանի գլխավոր փոխանորդ կարդինալ Մաուրո Գամբետտին։
Կարդինալի խոսքով՝ հասանելի դարձնելով մի գործիք, որը շատերին կօգնի հասկանալ պատարագի ժամանակ հնչող խոսքերը, Կաթոլիկ եկեղեցին ցանկանում է ծառայել իր առաքելությանը, այն է՝ լինել համընդհանուր, և ոչ թե ծառայել մարդկանց միայն փոքր խմբի։
AI-ի միջոցով կատարվող թարգմանությունը կգործի QR կոդի միջոցով, որը մասնակիցները կարող են սկանավորել Վատիկանի մուտքերի մոտ։ Այնուհետև նրանք կստանան իրական ժամանակում աուդիո և տեքստային թարգմանություններ՝ առանց հավելված ներբեռնելու անհրաժեշտության։
Հարցին՝ արդյոք այս նոր մեթոդով թարգմանության դեպքում սխալներ թույլ տալու հավանականություն չկա, գործիքը ստեղծած ընկերությունը պատասխանել է, որ յուրաքանչյուր թարգմանություն պարունակում է սխալներ, սակայն իրենք զգալի աշխատանք են իրականացրել «դրանք նվազեցնելու ուղղությամբ»։


