19 Փտր
2026
13° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Քարֆուր»-ի «Կրուասան կրեմով» և «Դոնաթ նուտելայով» արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է․ ՍԱՏՄ

«Քարֆուր»-ի «Կրուասան կրեմով» և «Դոնաթ նուտելայով» արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է․ ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Սի Ար Էֆ Ռիթեյլ» ՍՊԸ-ին (ապրանքանիշը՝ «Քարֆուր») պատկանող հացաբուլկեղենի, ալրային հրուշակեղենի, կրեմային հրուշակեղենի արտադրամասում (ք․ Երևան, Արշակունյաց պողոտա) իրականացվող ստուգման ընթացքում նմուշառում են կատարել «Կրուասան կրեմով», «Դոնաթ (փքաբլիթ) նուտելայով» և «Նուտելայով տորթ» արտադրատեսակներից և հանձնել լաբորատոր փորձաքննության․ հայտնում է ՍԱՏՄ-ն։

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ արտադրվել է վտանգավոր սննդամթերք: Այսպես. «Կրուասան կրեմով» արտադրատեսակի նմուշը՝ մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ (ՄԱՖԱՆՄՔ), աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), «S.aureus», իսկ «Դոնաթ (փքաբլիթ) նուտելայով» արտադրատեսակի նմուշը՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), ցուցանիշներով չեն համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Կրուասան կրեմով» և «Դոնաթ (փքաբլիթ) նուտելայով» արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է:

Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ նշված արտադրատեսակները օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու համար:

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:

Ռազմագերիներ