
Թե՛ Թեհրանը, թե՛ Վաշինգտոնը ցանկանում են, որ տարածաշրջանի տերությունները տեսնեն իրենց հնարավորությունները․ իրանագետ
Ամերիկյան ոչ պաշտոնական աղբյուրները պնդում են, թե Պենտագոնն այս շաբաթվա վերջ պատրաստ կլինի Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողություններին․ գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Մյուս կողմից Իրանը (նաև արտգործնախարար Արաղչիի նախկինում արած հայտարության համաձայն) պատրաստ է թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական լուծումների տարբերակներին։
Իրական հողի վրա կողմերն իրականացնում են նշանակալի զորաշարժ։ ԱՄՆ-ն ավելացնում է տարածաշրջանում իր զինուժը, իսկ Իրանը պատմության մեջ առաջին անգամ զորավարժության ընթացքում մասնակիորեն փակում Հորմուզի նեղուցը, որին անմիջապես հաջորդում է ռուս-իրանական համատեղ ծովային ևս մեկ զորավարժություն։
Երկու կողմերից էլ այս ամենը «տարօրինակորեն» ուղեկցվում է չափազանց մեծ աղմուկով, ինչը ցուցիչ է, որ թե՛ Թեհրանը, թե՛ Վաշինգտոնը ցանկանում են, որ հակառակորդը և տարածաշրջանային տերությունները տեսնեն իրենց հնարավորությունները, քանի որ պատկերավոր ասած՝ բանակցությունները օգտակար են, բայց դրանք ավելի օգտակար կարող են դառնալ, եթե բանակցողի գրպանում ատրճանակ կա և այդ ատրճանակի փողը տեսանելի է հակառակ կողմի համար։
Մինչդեռ դատելով թե՛ փոխնախագահ Վենսի, թե՛ Սպիտակ տան խոսնակի, թե՛ Իրանի արտգործնախարար Արաղչիի հայտարարություններից՝ բանակցային բնույթի դիվանագիտական շփումները շարունակվելու են առնվազն առաջիկա շաբաթների ընթացքում։
Սա նշանակո՞ւմ է արդյոք, թե վաղը պատերազմ չի սկսվի․ ոչ ոք չգիտի։ Այս պահին, կարծում եմ, դա չգիտի նաև ԱՄՆ նախագահ Թրամփը, որն, ակնհայտորեն, դեռևս նման որոշում չունի»։


