
Թուրքիայում ձերբակալել են «Deutsche Welle»-ի լրագրողին
Ստամբուլի գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ գերմանական լրատվամիջոցի՝ Թուրքիայից աշխատող թղթակցին Թուրքիայի իրավապահները ձերբակալել են մոլորեցնող տեղեկատվություն տարածելու և նախագահին վիրավորելու համար․ գրում է «Reuters»-ը:
Ըստ հաղորդագրության՝ ձերբակալվածն Ալիջան Ուլուդագինն է։ «Հետաքննությունն սկսվել է նրա՝ սոցիալական ցանցերում կատարած որոշ գրառումների հիման վրա»,- հայտնել է լրատվամիջոցը։
«Deutsche Welle»-ի գլխավոր տնօրեն Բարբարա Մասինգն էլ իր հերթին է հայտարարություն տարածել ու ասել, որ մեղադրանքներն անհիմն են։
«Թուրքիայում մեր թղթակցի ձերբակալությունը կանխամտածված սպառնալիք է և ցույց է տալիս, թե ինչպես է այդ երկրում կառավարությունը ճնշում մամուլի ազատությունը»,- նշել է լրատվամիջոցի ղեկավարը։


