21 Փտր
2026
4° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բնական աղետները Երևանի պատմության մեջ․ մորեխների արշավանքները 1642-1713 թթ.

Բնական աղետները Երևանի պատմության մեջ․ մորեխների արշավանքները 1642-1713 թթ.

17-րդ և 18-րդ դարում Երևանը կրել է ոչ միայն աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրողություններով պայմանավորված վնասները, այլև բնական աղետների լուրջ հետևանքները: 1642, 1692 և 1713 թվականներին Երևանում տեղի են ունեցել մորեխների մեծ արշավանքներ, ինչը մեծ վնաս է հասցրել բնակչությանը: Այդ իրադարձությունների մասին կան պահպանված պատմական փաստեր.  «Մորեխային այդ արշավանքների մասին համառոտ տեղեկություններ են հաղորդվում ժամանակագրություններում ու հիշատակարաններում։

1642 թվականի արշավանքի վերաբերյալ Սամվել Անեցու ժամանակագրության շարունակողներից մեկը հետևյալն է հաղորդում. «ՌՂԱ (1642 թ.)։ Մեռաւ Շահսեֆին. և նստաւ որդին երկրորդ Շահաբասն։ Երակ մարախ յերկիրն Երևան»։ Թեպետ այդ հիշատակությունը շատ համառոտ ու անորոշ է, բայց դժվար չէ կռահել, որ 1642 թվականին Երևանի խանությունում հայտնված մորեխը զգալի վնաս չի հասցրել ո՛չ երկրին, և ո՛չ էլ նրա կենտրոն Երևանին։ Ավելի որոշակի է 1692 թվականի մորեխային արշավանքի մասին մեզ հասած գրիչ Տեր-Սիմոնի հակիրճ վկայությունը։ «Ես Տէր Սիմոնս գրեցի. «Թ.ՌՃԽԱ (=1692) որ ժամ եկն մորեխն Երեւանայ երկինքն. Փառք Աստուծոյ վնաս ոչ եղեւ»։

Հիշատակարանից կարելի է ենթադրել, որ Երևան քաղաքն ու Երևանի խանությունն անվնաս են մնացել, որովհետև այստեղ հայտնված մորեխը առանց նստելու շարունակել է իր ճանապարհը դեպի այլ շրջաններ ու երկրներ»։ (Թ.Խ. Հակոբյան, «Երևանի պատմությունը», Երևան, 1971 թվական, էջ 273-274):

Ամենաավերիչ արշավանքը տեղի է ունենում 1713 թվականին: Հատկապես մեծ վնասներ են ստանում Երևանի ցանքատարածություններն ու արտերը, ինչի հետևանքով երկար ժամանակ բնակչությունը մատնվում է սովի: Աղետի մասշտաբներն այնքան մեծ են լինում, որ այդ ամենին անդրադառնում է նաև տաղասաց Սարգիս Գեղամացին.

«Ի թիվ հազար վաթսուն երկոյ աւելի հետ ի նոյն.
Եկաւ մարախ բազում անհուն ի քաղաքն Էրիվանոյն։
Ծածկեալ եղեւ երեսս աւգոյն. էհեղ յերկրից իբրեւ զձիւն։
Թռաւ իջեալ մէջ յարտերոյն. ըսկսան ուտել իբրեւ զշուն»։ (Նույն տեղում` էջ 274):

Այսպիսով, Երևանը 17-18-րդ դարերում ենթարկվել է ոչ միայն քաղաքական ցնցումների, այլև բնական աղետների, որոնք լուրջ ազդեցություն են ունեցել քաղաքի տնտեսական կյանքի և բնակչության կենսապայմանների վրա։  Մորեխների հատկապես 1713 թվականի ավերիչ արշավանքը վկայում է, որ բնական գործոնները ևս կարևոր դեր են ունեցել քաղաքի պատմական և սոցիալական վիճակի ձևավորման գործում:

Ռազմագերիներ