
Ալիևի ներկայիս հռետորաբանությունը չի համապատասխանում խաղաղության օրակարգին․ Modern Diplomacy
Իլհամ Ալիևը հայտարարում է, որ խաղաղությունն արդեն իսկ ձեռք է բերվել։ Այնուամենայնիվ, Ադրբեջանը շարունակում է վերահսկել Հայաստանի միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի մոտ 250 քառակուսի կիլոմետրը, որը բռնագրավվել է 2021-2022 թվականների ներխուժումների ժամանակ՝ մի իրականություն, որը ո՛չ ճանաչվում է որպես խնդիր, ո՛չ էլ ներկայացվում է որպես լուծման կարիք ունեցող․ գրում է Modern Diplomacy-ն։
France 24-ի հետ զրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Թրամփի երթուղու» (TRIPP) շրջանակում առաջարկվող տրանսպորտային ճանապարհն անվանել է «Զանգեզուրի միջանցք»՝ վերադառնալով այն տերմինաբանությանը, որ երկար ժամանակ կապված էր Ադրբեջանի պահանջների հետ։ Հետաքրքիր է, որ Ալիևը ձեռնպահ է մնում այս տերմինն օգտագործելուց ԱՄՆ վարչակազմի ներկայությամբ՝ որպես «Թրամփի ճանապարհի» այլընտրանք։
Միևնույն ժամանակ՝ Բաքուն պահպանում է խաղաղության համաձայնագրի ստորագրման նախապայմանները, մասնավորապես՝ պահանջը, որ Հայաստանը փոփոխի իր Սահմանադրությունը։ Ադրբեջանցի պաշտոնյաները պնդում են, որ Հայաստանի սահմանադրության մեջ հղումները հավասարազոր են Լեռնային Ղարաբաղի նկատմամբ տարածքային պահանջներին։ Սակայն, երբ հայ ներկայացուցիչները մտահոգություններ են հայտնում, որ Ադրբեջանի սեփական սահմանադրությունը պարունակում է ձևակերպումներ, որոնք ենթադրում են պահանջներ հայկական տարածքի նկատմամբ, այդ փաստարկները մերժվում են։
Հայաստանն արդեն իսկ ներգրավված է սահմանադրական փոփոխությունների ավելի լայն գործընթացում՝ որպես իր ներքին քաղաքական օրակարգի մաս: Այնուամենայնիվ, ադրբեջանական հռետորաբանությունը ցանկացած հնարավոր փոփոխություն ներկայացնում է որպես Բաքվի պահանջով կորզված զիջում, ինչը դառնում է Հայաստանի ժողովրդավարական կառավարմանն արտաքին միջամտության և ազգային ինքնությունը թիրախավորող ճանաչողական պատերազմի տիպիկ դեպք:
Ալիևը մերժում է Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100․000 հայի տեղահանման համար որևէ պատասխանատվություն:
Մերժելով բազմաթիվ հայ և միջազգային դիտորդների արտահայտած այն տեսակետը, որ այս իրադարձությունները հավասարազոր էին էթնիկ զտման, նա պնդում է, որ Խորհրդային Միության փլուզման ժամանակ Հայաստանից հեռացած ադրբեջանցիներն իրենք էլ էթնիկ զտման զոհեր էին:
Հերքելով հակամարտության հիմքում ընկած դժգոհությունների համար որևէ պատասխանատվություն՝ Ալիևն Ադրբեջանում ներկայում կալանավորված Լեռնային Ղարաբաղի նախկին հայ առաջնորդներին ներկայացրել է որպես պատերազմական հանցագործություններ կատարողներ։ Նա ավելի հեռուն է գնացել՝ նրանց նկարագրելով որպես «նացիստներից վատը»՝ հղում անելով Եվրոպայում հատկապես զգայուն հռետորաբանությանը՝ համաներման ցանկացած հնարավորության բացառումն արդարացնելու համար։
Անկախ վերահսկողության բացակայության պայմաններում անցկացված փակ դատական գործընթացները հանգեցրել են դատապարտումների և առավելագույն պատիժների։ Amnesty International-ն ընդգծել է, որ միայն այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի հայ առաջնորդները դատվել են ռազմական դատարանում, ինքնին լուրջ մտահոգություններ է առաջացնում և անհամատեղելի է արդար դատավարության երաշխիքների հետ։ Միևնույն ժամանակ՝ Հայաստանը վստահության ամրապնդման միջոցառումների շրջանակում վերադարձրեց բոլոր ադրբեջանցի ռազմագերիներին, այդ թվում՝ սիրիացի վարձկաններին, և համաձայնվեց հետ վերցնել Ադրբեջանի դեմ միջպետական հայցերը, այդ թվում՝ Միջազգային դատարանին ուղղված դիմումը, որում Հայաստանը հաղթում էր։
Համաներման մերժումը, ոչ թափանցիկ դատավարություններում առավելագույն պատիժների սահմանումը և նման լեզվի օգտագործումը հակասում են խաղաղության գործընթացի ոգուն։


