
Իսլանդիան ձգտում է արագացնել ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվեի անցկացումը․ Politico
Իսլանդիան քննարկում է օգոստոսին Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները վերսկսելու հարցը. գրում է Politico-ն՝ հղում անելով երկրի անդամակցության նախապատրաստական աշխատանքներին ծանոթ երկու աղբյուրի։
Կայքը հիշեցնում է, որ Բրյուսելն աշխատում է մի ծրագրի վրա, որը կարող է Ուկրաինային մասնակի անդամակցություն տալ դաշինքին արդեն հաջորդ տարի, իսկ անդամակցության առաջատար Մոնտենեգրոն (Չեռնոգորիա) անցյալ ամիս փակել է բանակցությունների մեկ այլ գլուխ։
Ռեյկյավիկի կառավարող կոալիցիան խոստացել էր մինչև 2027 թվականը հանրաքվե անցկացնել ԵՄ անդամակցության բանակցությունները վերսկսելու վերաբերյալ, այն բանից հետո, երբ նախորդ կառավարությունը սառեցրել էր դրանք 2013 թվականին։ Սակայն ժամանակացույցն արագացվում է աշխարհաքաղաքական ցնցումների ժամանակաշրջանում և Վաշինգտոնի կողմից Իսլանդիայի նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու որոշումից, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Գրենլանդիան անեքսիայի ենթարկելու սպառնալիքներից հետո։
Իսլանդիայի խորհրդարանը, ինչպես սպասվում է, քվեարկության ամսաթիվը կհայտարարի առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում։ Քայլը կատարվել է ԵՄ քաղաքական գործիչների՝ Իսլանդիա և իսլանդացի քաղաքական գործիչների Բրյուսել այցելությունների ալիքից հետո։ Եթե իսլանդացիներն «այո՛» քվեարկեն, նրանք կարող են միանալ ԵՄ-ին ցանկացած այլ թեկնածու երկրից առաջ։
«Ընդլայնման վերաբերյալ զրույցը փոխվում է», – Politico- հետ զրույցում նշել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը, որն անցյալ ամիս Բրյուսելում հանդիպել էր Իսլանդիայի արտաքին գործերի նախարար Տորգերդուր Կատրին Գունարսդոտիրի հետ:
«Խոսքն ավելի շատ անվտանգության, պատկանելության և մրցակցող ազդեցության ոլորտների աշխարհում գործելու մեր կարողության պահպանման մասին է: Սա վերաբերում է բոլոր եվրոպացիներին»,-ասել է նա:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն անցյալ ամիս Բրյուսելում հանդիպել է Իսլանդիայի վարչապետ Քրիստրուն Ֆրոստադոտտիրի հետ և հայտարարել, որ իրենց գործընկերությունն «ապահովում է կայունություն և կանխատեսելիություն անկայուն աշխարհում»։
Անդամակցության առավելություններն Իսլանդիայի համար ավելի շատ կապված են անվտանգության և ավելի քիչ՝ տնտեսական գործոնի հետ։ Իսլանդիան ունի աշխարհում մեկ շնչի հաշվով 5-րդ ամենաբարձր ՀՆԱ-ն, ինչը ԵՄ անդամակցությունը դարձնում է ավելի քիչ գրավիչ, քան մյուսների համար, որոնք ցանկանում են միանալ դաշինքին։


