
Оտարերկրացիները չեն կարողանա տաքսի վարել կամ զբոսավար աշխատել․ Կոբախիձեն փաստաթուղթ է ստորագրել
Մշտական կացության թույլտվություն չունեցող օտարերկրացիները չեն կարողանա տաքսի վարել, աշխատել առաքման կամ զբոսաշրջության ոլորտում։ Խոսքը Վրաստանի մասին է։
Տեղական աղբյուրները, հղում անելով վարչապետ Իրակլի Կոբախիձեի ստորագրած հրամանագրին, գրում են՝ հաստատվել են օտարերկրյա քաղաքացիներին աշխատանքի թույլտվություն տրամադրելու նոր կանոնները։ «Դրանց շրջանակում ներդրվել է քվոտավորման մեխանիզմ, որը սահմանափակում է ծառայությունների ոլորտում ներգրավվող օտարերկրյա աշխատողների թիվը։ Ու թեև տարբեր ոլորտների համար նախատեսված են տարբեր սահմանաչափեր, առաքիչների, զբոսավարների, ինչպես նաև ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդների (տաքսի և հասարակական տրանսպորտ) դեպքում քվոտան սահմանվել է զրոյական։ Այսինքն՝ նշյալ աշխատանքով կարող են զբաղվել միայն մշտական կացության իրավունք ունեցողները»,- գրում են տեղական լրատվամիջոցները՝ ավելացնելով, որ նոր կարգավորումները չեն տարածվի բարձր որակավորում ունեցող այն մասնագետների վրա, որոնց ամսական վարձատրությունը գերազանցում է 5600 դոլարը։


