
Հայաստանում քաղաքացին օրուգիշեր աշխատում է բարձր տոկոսով վարկը փակելու համար․ պատգամավոր
Հայաստանի բանկերը վերջին տարիներին շարունակում են մեծ շահույթներ գրանցել։ 2024թ. 18 առևտրային բանկերի տարեկան շահույթը կազմել է 363 մլրդ դրամ՝ շուրջ 61 % աճ 2023-ի համեմատ․ գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Սա ռեկորդային ցուցանիշ է։ 2025 թվականին նախորդ տարվա համեմատ բանկերի շահույթն ավելացել է 20 %։
Միտումը նկատելի է հատկապես 2022 թվականից, երբ համակարգի շահույթը նախկին 90 մլրդ դրամից բարձրացավ մինչև 250-ի, իսկ 2024-2025 թթ․ գրանցվեցին ավելի բարձր ցուցանիշներ։ Աճել է ակտիվների, վարկերի ծավալը։ Ավելացել են նաև ավանդները։ Մասնագետներն ահազանգում են, որ բանկային համակարգի եկամուտների զգալի աճի միտումը կարող է նպաստել սակագների բարձրացմանը, ինչն էլ անդրադառնալու է մեր քաղաքացիների կյանքի որակի վրա։
Հայաստանում անհասկանալի բարձր են վարկային տոկոսադրույքները: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ քաղաքացին օրուգիշեր աշխատում է վարկային պարտականությունը կատարելու համար, իսկ բանկերը ստանում են գերշահույթներ։ Խնդիրը պետք է լինի Կենտրոնական բանկի ուշադրության կենտրոնում։ Ոչ մրցակցային պայմանները, բարձր տոկոսադրույքները ենթակա են վերանայման։ Այլապես, տեղական բանկերը շարունակելու են միլիարդավոր դոլարներ աշխատել՝ մեր հայրենակիցներին բարձր տոկոսադրույքներ առաջարկելու պայմաններում»,- նշել է նա։


