
ԱՄՆ-ն իր աշխատակիցներին տարհանում է Բեյրութում գտնվող դեսպանատնից՝ Իրանի շուրջ լարվածության ֆոնին
Իրանի հետ ռազմական հակամարտության վերաբերյալ մտահոգությունների ֆոնին Պետքարտուղարությունը Բեյրութում ԱՄՆ դեսպանատնից դուրս է բերում ոչ առանցքային պաշտոններ զբաղեցնող կառավարական աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին․ գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյային։
«Մենք պարբերաբար գնահատում ենք անվտանգային միջավայրը, և մեր վերջին գնահատականների հիման վրա որոշեցինք, որ խելամիտ կլինի կրճատել մեր ներկայությունը՝ թողնելով միայն անհրաժեշտ անձնակազմը», – ասել է Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան՝ հավելելով, որ «սա ժամանակավոր միջոցառում է, որը նախատեսված է մեր անձնակազմի անվտանգությունն ապահովելու համար՝ միաժամանակ պահպանելով մեր գործելու և ԱՄՆ քաղաքացիներին օգնելու կարողությունը»։
ԱՄՆ դեսպանատան աղբյուրը հայտնել է, որ 50 մարդ տարհանվել է, մինչդեռ Բեյրութի օդանավակայանի պաշտոնյան հայտնել է, որ դեսպանատան 32 աշխատակից՝ ընտանիքի անդամների հետ միասին, երկուշաբթի լքել է քաղաքը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել էր, որ եթե Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ երկարատև վեճը չլուծվի, դա «շատ վատ» հետևանքներ կունենա Իրանի համար։ Իրանն, իր հերթին, սպառնացել է իր վրա հարձակման դեպքում հարվածել տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաներին։


