
FedEx-ը դատի է տվել ԱՄՆ կառավարությանը՝ փոխհատուցում պահանջելով Թրամփի սահմանած մաքսատուրքերի համար
Բեռնափոխադրումներ իրականացնող FedEx ընկերությունը դատական հայց է ներկայացրել ԱՄՆ Միջազգային առևտրի դատարան՝ փոխհատուցում պահանջելով նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած արտակարգ մաքսատուրքերի համար․ գրում է Reuters գործակալությունը։
ԱՄՆ գերագույն դատարանը նախորդ ուրբաթ մաքսատուրքերն անօրինական է ճանաչել՝ որոշում կայացնելով, որ Թրամփը գերազանցել է իր լիազորությունները՝ օգտագործելով պատժամիջոցների վերաբերյալ «Միջազգային արտակարգ տնտեսական լիազորությունների մասին» օրենքը։
Դատարանի որոշմամբ՝ ավելի քան 175 միլիարդ դոլար արժողությամբ տուրքեր ենթակա են վերադարձի։ Առևտրային փաստաբանները կանխատեսում են, որ դեռևս շատ ընկերություններ դատի կտան ԱՄՆ կառավարությանը՝ վերադարձնելու այժմ անվավեր դարձած մաքսատուրքերի համար վճարված միլիարդավոր դոլարները։
Նշվում է, սակայն, որ դատարանը դեռ պետք է որոշի, թե ինչ ընթացակարգով են վերադարձվելու գումարները, ինչը բավականին բարդ ու դանդաղ գործընթաց է։


