
Յուրաքանչյուր ոք, ով աջակցում է Պուտինին, չի կարող չհասկանալ, որ ընտրում է պատերազմը․ Զելենսկի
Աշխարհում կան բազմաթիվ բռնապետություններ։ Նրանցից շատերը փակվում են իրենց սահմանների մեջ՝ փորձելով խոչընդոտել ազատության ցանկացած արտաքին ազդեցություն։ Իսկ մյուսներն ընդհանրապես չեն ճանաչում սահմաններ և ակտիվորեն փորձում են ոչնչացնել իրենց հարևանների, ամբողջ տարածաշրջանների, երբեմն նույնիսկ ամբողջ աշխարհի ազատությունը․ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Երբ մենք գործ ունենք Ռուսաստանի հետ, մենք բախվում ենք երկրորդ տեսակի սպառնալիքին։ Դա մտածելակերպ է, անկայուն բռնապետություն, որը չի կարող ընդունել, որ Եվրոպայում յուրաքանչյուր կյանք կարևոր է, մարդու իրավունքները կարևոր են, և ազգերը կարող են պաշտպանված լինել՝ անկախ նրանից, թե նրանք մեծաթիվ են, թե փոքրաթիվ»,- ասել է նա։
Ըստ նրա՝ Պուտինը չի կարող ընդունել մի պարզ բան. որ ինչ-որ տեղ մարդիկ կարող են ապրել այլ կերպ և վայելել այնպիսի կյանք, որը նա՛ չի նախընտրում։
«Ահա թե ինչու նա անընդհատ փորձում է կոտրել ինչ-որ մեկին՝ ոչ միայն հիմա, այլև իր իշխանության ամբողջ ընթացքում։ Այո՛, նա ինքն է պատերազմը, և յուրաքանչյուր ոք, ով աջակցում է Պուտինին, չի կարող չհասկանալ, որ ընտրում է պատերազմը»,- ասել է Զելենսկին։


