
Ի՞նչ բանաձևով են հաշվարկելու թոշակների բարձրացումը․ Արսեն Թորոսյանը մանրամասներ է հրապարակել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է ապրիլի 1-ից կենսաթոշակների ու նպաստների բարձրացման բանաձևը։
Նա նշել է, որ Հայաստանում կենսաթոշակների հաշվարկում կա հիմնական կենսաթոշակ հասկացությունը, որն այս պահին 24 հազար դրամ է։
«Փոփոխության արդյունքում այն դառնալու է 34 հազար դրամ, այսինքն՝ բոլոր կենսաթոշակները, որոնք հաշվարկվում են 24 հազար դրամը ներառյալ, այսուհետ հաշվարկվելու են 34 հազար դրամը ներառյալ։ Հետևաբար, բոլորի կենսաթոշակները, որոնք այդ հիմքով հաշվարկվում են, բարձրանալու են 10 հազար դրամով։ Նաև բարձրանալու է նվազագույն կենսաթոշակը, որն այս պահին 36 հազար դրամ է. այն դառնալու է 46 հազար դրամ»,-ասել է նա։
Թորոսյանի խոսքով՝ բարձրանալու են նաև հաշմանդամության նպաստները՝ առաջին, երկրորդ և երրորդ խմբի հաշմանդամների համար, ինչպես նաև միջին, ծանր և խորը ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձանց համար նախատեսված թոշակը, զինվորական երկարամյա ծառայության կենսաթոշակները։
«Այստեղ, սակայն, բանաձևը մի փոքր այլ է, միջին բարձրացումը կլինի մոտավորապես 8000-8500 դրամի շրջանակներում»,-նշել է նախարարը։


