
Զելենսկին անշնորհակալ մարդ է և արժանի չէ մեր աջակցությանը․ Վրաստանի խորհրդարանի խոսնակ
Մենք աջակցում ենք ուկրաինացի ժողովրդին։ Ո՛չ Զելենսկին, ո՛չ Բրյուսելն արժանի չեն մեր աջակցությանը. նրանք անշնորհակալ են․ ինչպես հայտնում է apsny.ge-ն, այդ մասին ասել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։
Նրան հարց են ուղղել ՄԱԿ-ում Ուկրաինայի վերաբերյալ բանաձևի ընդունման մասին, որին աջակցել է 107 երկիր, այդ թվում՝ Վրաստանը։ Հիսունմեկ երկիր ձեռնպահ է մնացել, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Չինաստանը և Հունգարիան։
«Որտե՞ղ էր Մեծ Բրիտանիան, երբ Զելենսկին պատժամիջոցներ կիրառեց վրացական կառավարության ներկայացուցիչների նկատմամբ։ Նա անշնորհակալ մարդ է, և ես առաջինը չեմ, որ սա ասում է։ Ամերիկայի նախագահը նրան ասաց, որ գոնե մի փոքր երախտագիտություն ցուցաբերի։ Զելենսկին երախտագիտություն չի ցուցաբերում ո՛չ Ամերիկային, ո՛չ էլ Վրաստանին»,- ասել է նա՝ հավելելով, որ իրենք աջակցում են ուկրաինացի ժողովրդին։
«Թույլ տվեք ևս մեկ անգամ հիշեցնել Զելենսկու ամոթալի հայտարարությունները. նա հետ կանչեց իր դեսպանին Վրաստանից, քանի որ մենք վրացիներին չուղարկեցինք կռվելու և մեռնելու»,- ասել է նա։


