
Ո՞րն է երջանիկ կյանքի գաղտնիքը․ 80-ամյա ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հաղթում է սերը
Ի՞նչն է կյանքը դարձնում իսկապես իմաստալից։ Պարզվում է, որ ո՛չ հարստությունը, ո՛չ հաջողությունը, և ո՛չ էլ ֆիզիկական լավ վիճակը․ լիարժեք կյանքի գաղտնիքը մեր հարաբերությունների որակն է։ Հուզական աջակցությունը և սոցիալական կապերն ազդում են ոչ միայն մեր տրամադրության, այլև ուղեղի գործունեության, ֆիզիկական առողջության և նույնիսկ կյանքի տևողության վրա․ գրում է Redland Bayside News-ը։
Հարվարդի ավելի քան 80 տարի տևած ուսումնասիրությունը պարզել է, որ ուժեղ և դրական սոցիալական կապերը երջանկության և առողջության համար ամենահզոր գործոնն են ծերանալու ընթացքում։
Հարվարդի բժշկական դպրոցի հոգեբույժ դոկտոր Ռոբերտ Վալդինգերի և Բրին Մաուր քոլեջի հոգեբանության պրոֆեսոր դոկտոր Մարկ Շուլցի գլխավորությամբ իրականացված հետազոտությունը 1938 թվականից սկսած հետևել է հարյուրավոր անհատների կյանքին. սկզբում՝ Հարվարդի ուսանողներին և Բոստոնի անապահով թաղամասերում ապրող տղաներին, իսկ ավելի ուշ նրանց ընտանիքներին՝ սերունդներ շարունակ։
Ուսումնասիրության հեղինակների բեսթսելլեր դարձած «Լավ կյանք» գրքում ասվում է․ «Լավ հարաբերությունները մեզ ավելի երջանիկ և առողջ են դարձնում, և վերջ»։ Հետազոտությունը պարզել է, որ մարդիկ, որոնք ունեն մտերիմ հարաբերություններ զուգընկերների, ընտանիքի անդամների, ընկերների կամ նույնիսկ գործընկերների հետ, ավելի երջանիկ և առողջ են, քան նրանք, ովքեր չունեն նման հարաբերություններ։
Նշվում է, սակայն, որ ամենակարևորը ո՛չ հարաբերությունների տեսակն է, ո՛չ էլ քանակը, այլ այդ կապերի որակը։
«Պարզել ենք, որ մարդիկ ունեն մարզվելու, սննդի և նպատակների կարիք, բայց ամենից շատ մենք միմյանց կարիքն ունենք։ Մարմնի մասին հոգ տանելը կարևոր է, բայց հարաբերությունների մասին հոգ տանելը նույնպես ինքնախնամքի ձև է»,- ասում է Վալդինգերը:
Նրա խոսքով՝ 80 տարեկանում ամենաառողջը եղել են մարդիկ, որոնք 50 տարեկանում գոհ են եղել իրենց հարաբերությունների որակից։


