Իսրայելի կոալիցիոն կառավարության մաս կազմող կուսակցությունը Նեթանյահուին սպառնացել է դուրս գալ կոալիցիայից՝ ռազմական գործողությունների դադարեցման պարագայում
Իսրայելի կոալիցիոն
կառավարության մաս կազմող «Հրեական ուժ» կուսակցությունը հայտարարել է, որ դուրս կգա
կոալիցիայից ու կառավարության կազմից, եթե երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դադարեցնի
ռազմական գործողությունները ՀԱՄԱՍ-ի դեմ։ Այդպիսի
հայտարարություն-ուղերձ է Նեթանյահուին հղել այդ քաղաքական ուժի առաջնորդ Իտամար Բեն-Գվիրը,
ով զբաղեցնում է Իսրայելի ազգային անվտանգության նախարարի պաշտոնը։
«Եթե ինչ-որ մեկը մտադիր
է կանգնեցնել Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունները՝ նախքան ՀԱՄԱՍ-ի ամբողջական
ոչնչացումն ու բոլոր պատանդների վերադարձը, թող հաշվի առնի, որ «Հրեական ուժ» կուսակցությունն
իր հետ չէ»,- հայտարարության հատվածն է մեջբերել Ynet հարթակը։
Իսրայելի կոալիցիոն
կառավարության մաս կազմող քաղաքական ուժն այս ուղերձը Նեթանյահուին հղել է այն բանից հետո, երբ վերջինս
հայտարարել է ռազմական գործողությունների ժամանակավոր դադարի շուրջ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի
միջև բանակցությունների հնարավորության մասին։