
Պուտինն ու Լուկաշենկոն միջազգային արդարադատության դիրեկտիվ են ստորագրել․ ինչի՞ մասին է փաստաթուղթը
Միութենական պետության Բարձրագույն պետական խորհրդի նիստում ստորագրված որոշումը Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների շահերի պաշտպանությանն ուղղված հերթական քայլն է․ ասել է ՌԴ նախագահը՝ Բելառուսի գործընկերոջ հետ միջազգային արդարադատության մասին դիրեկտիվ ստորագրելուց հետո։
Ռուսական աղբյուրներից տեղեկանում ենք, որ ստորագրված փաստաթուղթը ներառում է դրույթներ, որ վերաբերում են միջազգային տարբեր հարթակների և դատական ատյանների հնարավոր հետապնդումներից պաշտպանությանը։
Ալեքսանդր Լուկաշենկոն էլ իր խոսքում ընդգծել է, որ երկու երկրները համատեղ և համահունչ աշխատանք են տանում արտաքին քաղաքականության ասպարեզում։ Նրա խոսքով՝ «Միջազգային արդարադատության ոլորտում փոխադարձ աջակցության և գործակցության մասին» դիրեկտիվ ստորագրելը կարևոր քայլ է ընդհանուր շահերի պաշտպանության, միջազգային իրավունքի և դրա ինստիտուտների անխափան աշխատանքի ապահովման համար։
Բարձրագույն պետական խորհրդի նիստում կողմերը քննարկել են Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության հետագա զարգացման առաջնահերթ այլ հարցեր ևս։


