
Թումանյանի թանգարանում խնդիրներ են առաջացել, վերանորոգումը չի ավարտվում
Հովհաննես Թումանյանի թանգարանը դեռ չի նորոգվել, քանդման աշխատանքների ժամանակ խնդիրներ են առաջացել, անհրաժեշտ է նոր մրցույթ հայտարարել. ABC Media-ի հետ զրույցում ասել է թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանը։
«Քանդման ընթացքում նախագիծը ստիպված ենք եղել փոխել, նոր նախագիծը համալիր փորձաքննության փուլում է։ Փուլն ավարտվելուց հետո քաղաքապետարանում երկրորդ լսումն է հրավիրվելու և շինարարության մրցույթ է հայտարարվելու»,- ասել է Ղարախանյանը։
Թանգարանի տնօրենի խոսքով՝ մարտի վերջին այս աշխատանքները կսկսվեն։
Հիշեցնենք, որ թանգարանի նորոգման աշխատանքները մեկնարկել են 2023 թվականին։ Շուրջ 2 մլն դոլար է պետական բյուջեից հատկացվել առաջին նախագծի համար։ Ըստ առաջին նախագծի՝ աշխատանքները պիտի ավարտվեին 2026 թվականի մարտի վերջին, սակայն շենքի քանդման աշխատանքների ժամանակ պարզել են, որ կա սեյսմոլոգիական խնդիր։
Այս պահին թանգարանի նմուշները տեղափոխվել են Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն։


