
Ի՞նչ փոփոխություններ են արվել պարտադիր հայտարարագրման համակարգում․ Ֆինանսների նախարարության ներկայացուցիչն է պարզաբանել
Ընտանիքի անդամների միջև կատարվող փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն․ հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և հարկային վարչարարության մեթոդաբանության բաժնի պետ Արթուր Ալեքսանյանը՝ ներկայացնելով հայտարարագրման համակարգում տեղի ունեցած փոփոխությունները։
«Սահմանեցինք այնպիսի եկամուտներ, որոնք, որոշակի շեմը չգերազանցելու դեպքում, միանվագ գործարքների դեպքում կրկին հայտարարագրման ենթակա չեն։ Այդ եկամուտներից են օրինակ՝ ժառանգության կամ նվիրատվության կարգով ոչ ընտանիքի անդամ հանդիսացող անձանցից ստացվող գումարները, կամ ոչ առևտրային կազմակերպություններից ստացվող մինչև մեկ միլիոն դրամը չգերազանցող գումարները և այսպես շարունակ»,- ասել է նա։
Ֆինանսների նախարարության պաշտոնյան տեղեկացրել է, որ մինչև մեկ միլիոն դրամ գումարների փոխանցումը չհայտարարագրելու որոշման հիմքում համակարգը հնարավորինս պարզեցնելն է։
«Բայց եթե ամբողջ տարվա ընթացքում մեկանգամյա գործարքով ստացված եկամուտները գերազանցել են մեկ միլիոն դրամը, դա արդեն իսկ հայտարարագրման ենթակա է։ Օրինակ՝ մեկ ամսվա ընթացքում ես ընտանիքի անդամ չհանդիսացող անձից մեկից՝ 300 000, մեկից՝ 500 000, մեկ ուրիշից՝ 800 000 եմ ստացել և այդ բոլորի հանրագումարը մեկ միլիոնը գերազանցում է, ես դրանք հայտարարագրելու եմ»,- պարզաբանել է Ալեքսանյանը։
Թոշակառուները ստիպված չեն լինի հայտարարագրել թոշակը, եթե դա իրենց միակ եկամուտն է։ Համակարգը դա կլրացնի ինքնաշխատ եղանակով։


