
Ներգաղթի երկիրը կարծես դառնում է արտագաղթի երկիր․ ամերիկացիները զանգվածաբար լքում են ԱՄՆ-ն
Ռեկորդային թվով ամերիկացիներ լքում են Միացյալ Նահանգները․ արտագաղթի նման ցուցանիշ երկրում չի գրանցվել Մեծ ճգնաժամից ի վեր․ գրում է The Mirror-ը։
The Wall Street Journal-ի նոր զեկույցի համաձայն՝ անցյալ տարի ԱՄՆ-ն լքել է ավելի շատ մարդ, քան տեղափոխվել։
Թրամփի վարչակազմն արտագաղթի բացասական ցուցանիշները վերագրել է ներգաղթի դեմ պայքարին, որը հանգեցրել է արտաքսումների աճի և վիզաների սահմանափակման։ Այնուամենայնիվ, վիճակագրությունը ցույց է տալիս, որ դրանից զատ, ամերիկացիներն ընտանիքներով լքում են երկիրը՝ կյանք փնտրելով այլ երկրներում, որոնք նրանք համարում են ավելի անվտանգ և կայուն։
Ըստ WSJ-ի՝ Այզենհաուերի վարչակազմից ի վեր (1953-1961) ԱՄՆ-ն չի հավաքագրել երկրից հեռացող քաղաքացիների թվի վերաբերյալ համապարփակ տվյալներ։ Սակայն, ավելի քան 50 երկրում բնակության թույլտվությունների, արտասահմանում տների գնման, ուսանողների ընդունելության և այլ չափանիշների վերաբերյալ տվյալները ներկայացնում են ամերիկացիների արտագաղթի իրական պատկերը։
Նշվում է, որ ավելի քան 100․000 ամերիկացի ուսանող այժմ սովորում է արտասահմանյան բուհերում՝ ավելի մատչելի կրթություն ստանալու հնարավորությունների պատճառով։ Արտասահման տեղափոխվելու այլ խթանող գործոններից են զգալիորեն ցածր գները, ավելի լավ և մատչելի առողջապահությունը, ինչպես նաև աշխատանքի և անձնական կյանքի միջև հավասարակշռությունը։
The Wall Street Journal-ը նշում է, որ 15 երկրի տրամադրած տվյալներով՝ 2025 թվականին առնվազն 180․000 ամերիկացի է բնակություն հաստատել այդ երկրներում։ Նշվում է, որ թիվը շատ ավելի մեծ կլինի, եթե բոլոր երկրները հրապարակեն իրենց տվյալները։
Կանխատեսվում է, որ զանգվածային արտագաղթը կշարունակվի և նույնիսկ կաճի 2026 թվականին․ գործող վարչակազմի ագրեսիվ քաղաքականությունը քաղաքացիական դժգոհություն է առաջացրել, ինչը ստիպում է ամերկացիներին ապաստան փնտրել ավելի դեմոկրատական երկրներում։
ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարության տվյալների համաձայն՝ անցյալ տարի երկրում գրանցվել է արտաքսման 675․000 և «ինքնաարտաքսման» (երբ քաղաքացիները որոշում են ինքնակամ հեռանալ) 2.2 միլիոն դեպք։ Թրամփն, ի դեպ, պարծեցել է այդ ցուցանիշներով իր ամենամյա «Երկրի վիճակի մասին» ելույթի ժամանակ։


