
Ֆրանսիացի 3 տղամարդ դատվում է Ելիսեյան պալատից սպասքի գողության համար
Հինգշաբթի երեկոյան Փարիզի դատարանում քննված գործը կարծես սյուրռեալիստական աշխարհից լիներ. Ֆրանսիայի նախագահական տան արծաթյա իրերի նախկին պահապանը, նրա զուգընկերը և Լուվրի աշխատակիցը դատվել են Ելիսեյան պալատից թանկարժեք սպասքի գողության համար․ գրում է Euronews-ը։
Մեղադրյալները դատվում են հարյուր հազարավոր եվրո արժողության մոտ 100 ճենապակյա իրերի գողության և վերավաճառքի համար, որոնք ենթադրաբար գողացվել են 2023-2025 թվականներին։
Գլխավոր կասկածյալը Թոմաս Մ.-ն է, որը նախկինում պատասխանատու է եղել նախագահական սպասքի և պաշտոնական պետական ընթրիքների սեղանի ձևավորման համար։ Նրա զուգընկերը՝ Դամիեն Գ.-ն, որը սպասքի վաճառքով զբաղվող բիզնես է ղեկավարում, մեղադրվում է գողացված իրերի վերավաճառքին օգնելու համար։ Երրորդ տղամարդը Գիսլեն Մ.-ն է, որը 2023 թվականից աշխատել է Լուվրի թանգարանում։
Հետաքննությունն սկսվել է այն բանից հետո, երբ Ֆրանսիայի ճենապակի արտադրող Sèvres ընկերությունը նկատել է, որ Ելիսեյան պալատի ափսեները վաճառվում են առցանց: Իրերի անհետացումը քննիչների ուշադրությունը հրավիրել է պալատի արծաթյա իրերի նախկին կառավարիչ Թոմաս Մ.-ի վրա, որը հաճախ էր մենակ աշխատում և բազմիցս սխալներ էր թույլ տալիս գույքագրման ժամանակ:
Դատարանում Թոմասը խոստովանել է, որ 2023 թվականին գողացել է իրերը՝ սկզբում դրանց գեղեցկությունից հիացած, իսկ հետագայում ֆինանսական դժվարությունները ստիպել են նրան ու նրա զուգընկերոջը դրանք վաճառել։ Իսկ երրրորդ մեղադրյալը պնդել է, որ չի իմացել, որ Թոմաս Մ.-ն աշխատել է Ելիսեյան պալատում՝ պնդելով, որ գնման պահին տեղյակ չի եղել, որ իրերը գողացված են։
Նշվում է, որ դատարանը վճիռը կհրապարակի ապրիլի 16-ին։


