28 Փտր
2026
4° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելի հարվածները Թեհրանին դիվանագիտության կոպիտ խախտում է․իրանահայ գործիչ

Իսրայելի հարվածները Թեհրանին դիվանագիտության կոպիտ խախտում է․իրանահայ գործիչ

Իսրայելը միաժամանակյա հարվածներ է հասցրել շուրջ 30 թիրախի, այդ թվում՝ Իրանի մայրաքաղաք Թեհրանի կենտրոնում գտնվող օբյեկտներին։ Տեղեկություններ են շրջանառվում, որ թիրախների թվում եղել են պետական կառավարման մարմինների շենքեր, նախագահի նստավայրն ու Ազգային անվտանգության խորհրդին առնչվող կառույցներ. ABC Media-ի հետ զրույցում «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր, իրանագետ Արամ Շահնազարյանը նշեց, որ առկա տեղեկատվությունը դեռևս նախնական մակարդակի է։

Նրա խոսքով՝ հարվածներ են արձանագրվել Ղոմում, Քերմանշահում, Էսֆահանում, Թավրիզում, ինչպես նաև Քարաջ քաղաքում, որը գտնվում է Թեհրանի մերձակայքում։

Թեհրանից հնչած միակ պաշտոնական արձագանքը, ըստ իրանագետի, եղել է խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ներկայացուցիչների մակարդակով։ Հայտարարության մեջ նշվել է․
«Պատերազմի սկիզբը դուք սկսեցիք, բայց դրա ավարտը ձեր կամքով չի լինելու»։

Երկրի օդային տարածքն արդեն փակվել է, ինչպես նաև փակ է Իսրայելի օդային տարածքը։

Արամ Շահնազարյանը հիշեցրեց, որ վերջին օրերին ակտիվ բանակցային գործընթաց էր ընթանում Իրանի և ԱՄՆ-ի միջև։

«Երկու փուլ բանակցություններ արդեն անցկացվել էին, և ընդամենը մեկ օր անց տեղի են ունենում այս հարվածները։ Սա դիվանագիտության կոպիկ խախտում է, երբ դու նստած ես բանակցությունների սեղանի շուրջ և միաժամանակ ռազմական գործողություններ ես իրականացնում»,- ընդգծեց նա։

Իրանագետը հիշեցրեց նաև նախորդ՝ 12-օրյա պատերազմի նախադեպը, երբ բանակցային հերթական փուլից առաջ տարածաշրջանում սկսվեցին ռազմական գործողություններ։

Շահնազարյանի խոսքով՝ Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունը բազմիցս զգուշացրել է, որ այս անգամ պատերազմը չի սահմանափակվելու թիրախային հարվածներով։

«Իրանը հայտարարել էր, որ եթե սկսվի պատերազմ, այն ներառելու է ողջ տարածաշրջանը։ Միացյալ Նահանգների ցանկացած օբյեկտ տարածաշրջանում կարող է դիտարկվել որպես օրինական թիրախ»,- նշեց նա։

Իրանագետը նաև անդրադարձավ էներգետիկ անվտանգության հարցին՝ ընդգծելով, որ եթե խաթարվի Հորմուզի նեղուցով անցնող նավթային հոսքը, որն ապահովում է համաշխարհային մատակարարումների զգալի մասը, դա կարող է լուրջ տնտեսական ցնցումներ առաջացնել ամբողջ աշխարհում։

«Պետք է սպասել զարգացումներին։ Այս պահին հստակ է միայն այն, որ իրավիճակը չափազանց լարված է, և տարածաշրջանը կանգնած է նոր լայնամասշտաբ էսկալացիայի վտանգի առաջ»,- եզրափակեց Արամ Շահնազարյանը։

 

Ռազմագերիներ