
«Սիրիական» և «լիբիական» սցենարներ ու տարածաշրջանային պատերազմ․ քաղաքագետը մեկնաբանում է՝ իրականում ի՞նչ է տեղի ունենում Մերձավոր Արևելքում
Իրանի դեմ ռազմական գործողությունները զուգորդվելու են երկրի ներսում անկայունության ստեղծմամբ, տնտեսական և էներգետիկ ճգնաժամերի ստեղծմամբ և մարդկանց կյանքին սպառնացող վտանգների չեզոքացմանն ուղղված քայլերի բացակայությամբ․ խոսելով Իրանում ստեղծված իրավիճակի մասին՝ ասել է քաղաքագետ, Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի տնօրեն Աբրահամ Գասպարյանը։
«Խնդիրը տեղային, կետային պատերազմի կամ պատերազմական գործողությունների, թիրախների ոչնչացումից դուրս է։ Խնդիրն ունի ավելի շատ ռեգիոնալ մասշտաբի վերածվելու պոտենցիալ, քան մեկ-երկու հարվածով սահմանափակվելու։ Սիրիական սցենարն է, որը նշանակում է, որ Իրանին պիտի փուլ առ փուլ ներքաշեն, այս պետությանը պիտի տանեն մասնատման՝ քրդական շրջաններից սկսած։ Երկրորդ վատագույն սցենարը շատ չկառավարվող ռիսկեր է պարունակում․ խոսքը լիբիական սցենարի կրկնության մասին է, երբ Իրանի ներսում երկու-երեք թևերի միջև տեղի է ունենում պատերազմ։ Յուրաքանչյուր թև ունենում է իր արտաքին հովանավորը և այս պայմաններում մարդիկ հնարավորություն չեն ունենում հասկանալ՝ երկիրն ինչ հեռանկար ունի, ինչ ուղղությամբ է գնում»,- ասել է Գասպարյանը։
Քաղաքագետի խոսքով՝ յուրաքանչյուր սցենարի դեպքում էլ քաղաքացիական բախումներ են լինելու։
«Երրորդ սցենարը տարածաշրջանային լայն պատերազմն է, որի նախանշաններն այս պահին տեսնում ենք։ Ծոցի արաբական որոշ երկրներում, մասնավորապես՝ Իրանի հետ ծովային անմիջական սահմաններ ունեցող երկրներում՝ Արաբական Միացյալ Էմիրություններում, Կատարում, Բահրեյում, Սաուդյան Արաբիայում և Քուվեյթում գոյություն ունեցող ամերիկյան ռազմաբազաների մասին է, վերջին մեկ ժամում Իրանն իր հրթիռային արսենալը բաց է թողել։ Ընդ որում՝ այն հրթիռային արսենալը, որի մասին շատ խոսվում էր, բայց նաև չդարձավ հանրության լայն շերտերի կամ մեդիադաշտի համար քննարկման առարկա՝ վերջին Իրան-Իսրայել 12-օրյա պատերազմից հետ։ Ես այդ ժամանակ բազմիցս ասել եմ՝ Իրանի նոր, թարմացված համալիրը հնարավորություն ունի մինչև 3000 կմ խորությամբ հասնել այլ տարածաշրջաններ։ Իրանն այդ տեխնիկան արդեն գործի է դրել։ Ասել, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն պատրաստ չէին կամ չգիտեին այս մասին՝ սխալ կլինի, որովհետև նրանք լավ հետևում ու տեսնում էին, որ Իրանը ոչ մի մեդիատեռորի զոհ չի դառնում, այլ հակառակը՝ բանակցություններին զուգահեռ հայտարարում էին, որ իրենք պատրաստ են պատասխանել»,- նշել է Գասպարյանը։


