
Ի՞նչ գիրք է դրված Նեթանյահուի գրասեղանին, երբ նա հեռախոսով խոսում է Թրամփի հետ
Իսրայելի վարչապետի գրասենյակը հրապարակել է Բենիամին Նեթանյահուի հեռախոսազրույցի լուսանկարը։ Նկարագրության մեջ ասվում էր, որ նա զրուցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Նեթանյահուի գրասեղանին դրված է բրիտանացի պատմաբան և լրագրող Թիմ Բուվերի՝ «Դաշնակիցները պատերազմում. Հիտլերին հաղթելու քաղաքականությունը» (անգլ. Allies at War: The Politics of Defeating Hitler) գիրքը։
Գիրքը պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Հիտլերի դեմ ստեղծված դաշինքի ներսում առկա քաղաքական հարաբերությունների, լարվածությունների և բանակցությունների մասին։
Կենտրոնական կերպարներն են Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլ, ԱՄՆ 32-րդ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտն ու ԽՍՀՄ ղեկավար Իոսիֆ Ստալինը։ Գրքի հիմնական գաղափարը սա է․ դաշնակիցները միավորվել էին ոչ թե արժեքային համերաշխության, այլ ընդհանուր թշնամուն՝ Գերմանիայի կանցլեր Ադոլֆ Հիտլերին հաղթելու անհրաժեշտության շուրջ։ Գիրքը պատմում է, թե
- ինչպես ձևավորվեց Բրիտանիա–ԱՄՆ–ԽՍՀՄ դաշինքը,
- ինչ տարաձայնություններ կային նրանց միջև,
- ինչպես էին նրանք բանակցում պատերազմի ռազմավարության և հետպատերազմյան աշխարհի բաժանման շուրջ,
- և ինչպես հենց այդ համագործակցության ներսում արդեն ձևավորվում էին ապագա Սառը պատերազմի նախադրյալները
Գիրքը ցույց է տալիս, որ նույնիսկ ընդհանուր թշնամու դեպքում դաշնակիցների միջև կային լուրջ քաղաքական տարաձայնություններ և շահերի բախումներ։
Հիշեցնենք, որ այսօր ԱՄՆ-ն և Իսրայելը պատերազմ են հայտարարել Իրանին։ Իրանը պատասխան հարվածներ է հասցրել։


