02 Մար
2026
0° c ԵՐԵՎԱՆ
-1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Օդում մնացած քաղաքացիներ․ վերադարձը՝ սեփական միջոցներով

Օդում մնացած քաղաքացիներ․ վերադարձը՝ սեփական միջոցներով

Արփինեն և ամուսինը տուրիստական ընկերությունից են իմացել, որ Դուբայից իրենց վերադարձի չվերթը չեղյալ է հայտարարվել։ Այսօր հյուրանոցում նրանց վերջին օրն է։ Եթե չկարողանան վերադառնալ, տեղափոխվելու են այլ հյուրանոց, ծախսերն էլ իրենց միջոցներով են անելու։

Արփինեն ասում է՝ իրենց ուղեկցող տուրիստական ընկերության գիդը զգուշացրել է՝  պետք չէ սենյակներից դուրս գալ։ «Հիմա սպասում ենք, տեսնենք` ինչ են անում, որովհետև հյուրանոցի ընդունարանում ասում են, որ մեզ համար ոչ ոք ոչ մի բան չի ասել, որ երկարացնեն մեր մնալու համար, իսկ վճարման համար մոտ կրկնակի թանկ վճար են ուզում, եթե ուզում ենք շարունակենք մնանք այստեղ, մենք էլ ֆինանսապես պատրաստ չենք»,- ABC Media-ի հետ զրույցում պատմեց նա։ 

Հայաստանի հարյուրավոր քաղաքացիներ այս պահին նման վիճակում են։ Մերձավոր Արևելքի օդանավակայաններում ու հյուրանոցներում են նրանք գտնվել, երբ նամակով տեղեկացել են,  որ իրենց վերադարձի չվերթերը չեն կայանալու։ Բայց միայն տարածաշրջանում գտնվող քաղաքացիները չեն, որ նման խնդիր ունեն։ Մերձավոր Արևելքը նաև տարանցիկ շրջան է՝ դեպի Արևելք թռիչքների համար։

Տուրիստական ընկերության ներկայացուցիչ Հասմիկ Լևոնյանն ասում է՝ խնդիրներ են առաջացել Թայլանդում, Շրի Լանկայում գտնվող ուղևորների տեղափոխման դեպքում, քանի որ նրանք ևս չեն կարողանում Մերձավոր Արևելքի տարանցիկ գոտիներն օգտագործելով հասնել իրենց պետություն։

Իրավիճակով պայմանավորված աննախադեպ թանկացել են տոմսերի գները․ հայտնում են՝ միակողմանի չարթերային թռիչքների գները Մերձավոր Արևելքից և Արևելյան երկրներից տատանվում են 1000-3000 դոլարի սահմանում։

Արտգործնախարարությունը այս օրերին գործարկված թեժ գծին 40 զանգ է ստացել։ Եվս 20 զանգ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակն է ստացել։ ՀՀ քաղաքացիները փորձում են վերադարձի տարբերակ գտնել։ Նախարարությունը էմիրություններում գտնվող քաղաքացիների համար Մասկաթ-Թբիլիսի տարբերակն է առաջարկում։

Ֆեյսբուքի գրառմամբ Արտգործնախարարության էջը տեղեկացնում է՝ «Այն քաղաքացիները, որոնք ցանկություն կունենան կամավոր հիմունքներով Օմանի տարածքով մեկնել Հայաստան, կարող են լրացնել հղումով ներկայացված հայտը։ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունն, ըստ հնարավորության, կաջակցի նաև թռիչքի համար ԱՄԷ-ից Մասկատ տեղափոխման հարցում»։ 

Ավիացիայի մասնագետ Հակոբ Ճաղարյանն էլ Ֆեյսբուքում գրառում է արել՝ տեղեկացնելով՝ եթե մեկնել եք ԵՄ գրանցում ունեցող ավիաընկերություններով, ապա միջազգային իրավունքի շրջանակում առավելություններ ունեք, մասնավորապես՝

«ԵՄ կարգավորումը սահմանում է․

  • Տոմսի ամբողջական վերադարձ կամ այլընտրանքային երթուղով տեղափոխում
  • Սնունդ, խմիչք, հյուրանոց (եթե անհրաժեշտ է գիշերակաց)
  • €250–€600 փոխհատուցում (միայն եթե հետաձգումը ավիաընկերության մեղքով է)»։

Բայց ստեղծված վիճակում միայն խնամքի պարտավորությունն է մնում ուժի մեջ։ Ֆորսմաժորային իրավիճակներում գումարի վերադարձը չի գործում։ 

Միջազգային օդային տրանսպորտի ասոցիացիան էլ կարգավորում ունի, ըստ որի՝ ուղևորները կարող են պահանջել, որ իրենց տեղափոխած ավիաընկերությունը գործընկերների ցանցի միջոցով վերաուղղորդում իրականացնի։

Ավիացիայի փորձագետը խորհուրդ է տալիս օգտագործել Էմիրատների բոլոր օդանավակայանները որպես վերադարձի հարթակ․

«Այս պահին առավել իրատեսական ելքային կետերն են՝ Դուբայ (Flydubai), Շարժա (Air Arabia), Աբու Դաբի (Wizz Air Abu Dhabi)։ Նշածս ավիաընկերություններն այս վայրերից ունեն բազմաթիվ տարածաշրջանային թռիչքներ», – գրել է Ճաղարյանը։

Ավիացիոն փորձագետը առաջարկում է ստուգել ոչ միայն դեպի Երևան վերադարձի տարբերակը։ Դիտարկել նաև Թբիլիսին, Լառնական, Բեյրութը, եգիպտական օդանավակայանները։

Այս պահին ԱԳՆ-ի  առաջարկած միակ տարբերակը Մասկաթ-Թբիլիսին է։ Օմանի օդային սահմանը դեռ բաց է, բայց քանի որ վերադառնալու խնդիր ունեն ոչ միայն ՀՀ քաղաքացիները, Օմանի օդանավակայաններում բազմահազարանոց հերթեր են։ 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ