
ԱՆԻՖ-ի «ժառանգությունը». 9 մլն դոլարի վերադարձը փորձություն է դարձել պետության համար․ «Հետք»
«Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» պետական ֆոնդը, որը 2021-2023 թթ. 6,6 մլրդ դրամի (ԿԲ ներկա փոխարժեքով՝ 17,6 մլն դոլար) ներդրում է կատարել հայաստանյան 10 ընկերություններում, ամբողջությամբ հետ է ստացել դրանցից 5-ում կատարած իր ներդրումները: Դեռեւս ամբողջությամբ չի ավարտվել ընկերություններից մեկից դուրս գալու գործընթացը, քանի որ ֆոնդը ստանալիք գումար ունի, իսկ մյուս 4-ի մասով մեծ ու փոքր խնդիրներ են ծագել: Այս 4 ընկերություններում ֆոնդը ներդրել է մոտ 9 մլն դոլար, որը վերադարձնելը պետության կամքի ու կարողությունների յուրօրինակ փորձություն է դարձել․ գրում է «Հետք»-ը։
Հիշեցնենք, որ ներդրումային պետական ֆոնդի նպատակը եղել է կորոնավիրուսի համավարակի ազդեցության պայմաններում ՀՀ տնտեսական ակտիվության բարձրացումը, աշխատատեղերի ստեղծումը, արտահանման խթանումը, Հայաստանի մարզերի զարգացումը: Ֆոնդի մասնակիցը, այսինքն՝ նրա թողարկած փայերի սեփականատերը, պետությունն է՝ ՀՀ-ն, որը պետբյուջեից գումարներ էր «սրսկում» ֆոնդ, իսկ հետո դրանք ներդրվում էին տարբեր ընկերություններում:
Սահմանվել էր, որ ֆոնդը յուրաքանչյուր ծրագրում կարող է ներդնել 0,5-4 մլն դոլար, ինչի դիմաց տվյալ ներդրումն ընդունող ընկերությունում ստանալու էր 25,1-49,9 % մասնակցություն: Այսինքն՝ պետությունն ու մասնավոր ձեռնարկատերը բիզնեսի համասեփականատեր էին դառնալու: Երբ ֆոնդը դուրս է գալիս համատեղ ընկերությունից, իր բաժնետոմսերը վաճառում է գործընկեր ձեռնարկատիրոջը:
2022 թ. պետական ներդրումային ֆոնդը դուրս էր եկել «Ժամանակակից վիրաբուժության կլինիկա», իսկ 2023-ին՝ «Սիդ թու Ֆարմ» ՓԲԸ-ներից՝ իր բաժնետոմսերը վաճառելով դրանց մյուս բաժնետերերին: Առաջինի դեպքում վաճառքի գումարը կազմել է 63,9 մլն դրամ, երկրորդի դեպքում՝ 346 մլն դրամ:
2025-ի օգոստոսին Կառավարությունը որոշեց ֆոնդի կատարած ներդրումները հետ ստանալու գործընթաց սկսել մյուս 8 ընկերություններում՝ կրկին նրան պատկանող բաժնետոմսերը վաճառելով: Ֆոնդի կառավարիչը՝ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ն գործադիրի որոշման հիման վրա դիմեց ֆոնդից ներդրումներ ստացած այս 8 ընկերությունների մյուս բաժնետերերին՝ առաջարկելով նրանց ձեռք բերել ֆոնդին պատկանող բաժնետոմսերը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։


