
Հրապարակվել է Էփշտեյնի գործով Քլինթոնների վկայության տեսանյութը․ ի՞նչ ցուցմունքներ են տվել նրանք
Երկուշաբթի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի վերահսկողական հանձնաժողովը հրապարակել է տեսանյութեր նախկին նախագահ Բիլ Քլինթոնի և նախկին պետնախարար Հիլարի Քլինթոնի ժամեր տված առանձին ցուցմունքներից․ գրում է BBC-ն։
Ցուցմունքներում երկու պաշտոնյաներն էլ հայտարարել են, որ մանկապղծության համար մեղադրված Ջեֆրի Էփշտեյնի անօրինական գործունեության մասին նախապես չեն իմացել։
Հիլարի Քլինթոնի հարցաքննության ժամանակ բարձրացվել է «Pizzagate»-ի հարցը՝ դավադրության տեսություն, ըստ որի՝ Վաշինգտոնի պիցցերիաներից մեկում գործում էր նախկին պետնախարարի մերձավոր շրջապատի հետ կապված մանկապղծության ցանց։ Քլինթոնը «Pizzagate»-ն անվանել է «լիովին հորինված» մեղադրանք, որն «ի վերջո վնասեց մի շարք մարդկանց»։
Ներկայացուցիչների պալատի վերահսկողական հանձնաժողովի առջև իր բացման խոսքում Բիլ Քլինթոնն ասել է, որ հույս ունի՝ Էփշտեյնի գործով հետաքննությանն իր մասնակցությունը «կկանխի նման բանի կրկնությունը»:
ԱՄՆ նախկին նախագահը հայտարարել է, որ Էփշտեյնի հետ իր հարաբերություններն «ավարտվել են տարիներ առաջ, նախքան նրա հանցագործությունների բացահայտումը»։


