
Հայաստանն առաջին անգամ հայտնվել է «Լրագրողների անվտանգության պլատֆորմ»-ի հրապարակած զեկույցում՝ մեդիագործիչների ձերբակալության պատճառով
2025 թվականին մամուլի ազատությունը Եվրոպայում շարունակել է մնալ կայուն ճնշման տակ՝ պայմանավորված իրավական սպառնալիքներով, ֆիզիկական հարձակումներով և ահաբեկումներով, լրատվամիջոցների գրավման փորձերով և միջազգային ճնշումներով․նշվում է Եվրոպայի խորհրդի և դրա գործընկեր կազմակերպության՝ «Լրագրողների անվտանգության պլատֆորմ»-ի հրապարակած տարեկան զեկույցում, որը ներկայացվել է Եվրոպայի խորհրդի նորաստեղծ հարթակին՝ լրագրության և լրագրողների անվտանգության պաշտպանությանը նպաստելու համար։
2025 թվականի վերջին Հայաստանն առաջին անգամ գրանցվել է hարթակում։ Խուլիգանության մեղադրանքով ձերբակալվել են փոդքասթ վարողներ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը։
«Կրիտիկական կետում. մամուլի ազատություն 2025» վերնագրով զեկույցում նշվում է, որ Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ մնացել է լրագրողների համար ամենալուրջ սպառնալիքը։ Չորս լրատվամիջոցների աշխատակիցներ զոհվել են, մյուսները՝ վիրավորվել, իսկ շատերը շարունակում են մնալ կալանքի տակ օկուպացված տարածքներում կամ անհետ կորել են։
Ամբողջ Եվրոպայում լրագրողները հաճախ ֆիզիկական հարձակումների են ենթարկվել ոստիկանության, քաղաքական գործիչների և ցուցարարների կողմից բողոքի ցույցերի ժամանակ։ Այս տեսակի հարձակումների մասին հաղորդվել է զեկույցում ընդգրկված պետությունների մեկ քառորդում։ Ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Վրաստանում, Սերբիայում և Թուրքիայում։
Մի շարք երկրներում հանրային լրատվամիջոցները ենթարկվել են քաղաքական միջամտության, սահմանափակող օրենսդրության և անբավարար ֆինանսավորման։ Չարաշահող դատական հայցերը, որոնք հայտնի են որպես հանրային մասնակցության դեմ ռազմավարական դատական հայցեր (SLAPPs), շարունակել են լայնորեն օգտագործվել լրատվամիջոցները լռեցնելու համար։
Զեկույցի հեղինակները նաև մտահոգություն են հայտնում լրտեսող ծրագրերի միջոցով լրագրողների թվային հսկողության, լրագրողների միջազգային ճնշումների, մի քանի երկրներում ընդունված կամ նախատեսված «օտարերկրյա գործակալների» մասին օրենսդրության և բազմաթիվ երկրներում լրատվամիջոցների աշխատողների անկայուն աշխատանքային պայմանների վերաբերյալ։
2025 թվականին հարթակի գործընկերները լրատվամիջոցների ազատությանն ուղղված լուրջ սպառնալիքների 344 ահազանգ են ստացել, ինչը զգալի աճ է (+29%) 2024 թվականի համեմատ, երբ գրանցվել էր 266 ահազանգ։ Ամենաշատ ահազանգերը ստացվել են Ռուսաստանից (50), Թուրքիայից (49), Վրաստանից (35), Սերբիայից (35) և Ուկրաինայից (27)։
Ամենահաճախակի ահազանգերի կատեգորիան (90) կապված է եղել լրագրողների ֆիզիկական անվտանգության և անձեռնմխելիության դեմ հարձակումների հետ։
2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ լրագրողների սպանության 51 դեպք մնացել է չբացահայտված։
Զեկույցը զգուշացնում է, որ ազատազրկումը համակարգված օգտագործվել է՝ որպես լրատվամիջոցների վերահսկողության գործիք։ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Եվրոպայում կալանքի տակ է գտնվել 148 լրագրող, այդ թվում՝ 36-ը՝ Ադրբեջանում, 32-ը՝ Ռուսաստանում, 27-ը՝ Բելառուսում, 26-ը՝ Ռուսաստանի կողմից պահվում է Ուկրաինայի օկուպացված տարածքներում, 24-ը՝ Թուրքիայում, երկուսը՝ Հայաստանում և մեկը՝ Վրաստանում։
Հարթակի գործընկերները կոչ են անում Եվրոպայի խորհրդին, Եվրոպական հանձնաժողովին և Եվրոպայի խորհրդի 46 անդամ պետություններին պահպանել մամուլի ազատության չափանիշները։ Նրանք, որպես առաջնահերթություն, խորհուրդ են տալիս ամրապնդել լրագրողների անվտանգությունը, պաշտպանել հանրային լրատվամիջոցների անկախությունը և բարձրացնել կին լրագրողների պաշտպանությունը՝ ի թիվս այլ միջոցառումների։


