
Ժամանակն է, որ Եկեղեցին բարձրացնի իր ձայնը և դատապարտի ՀՀ իշխանությունների անօրինական գործողությունները․ Եզրաս արքեպիսկոպոս
Հայ առաքելական եկեղեցին (ՀԱԵ) պատրաստ է անցկացնել ազգային եկեղեցական ժողով, եթե Հայաստանի իշխանությունները հարգեն սահմանադրական և կանոնական սկզբունքները․ ТАСС -ի հետ զրույցում հայտարարել է ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս Ներսիսյանը։
«Ազգային եկեղեցական ժողովը նախատեսված էր մի քանի տարի առաջ։ Սակայն այնպիսի ճակատագրական իրադարձություններ, ինչպիսին են COVID-19-ը, Արցախում պատերազմը, Արցախի հարկադիր հայաթափումը, Հայաստանում պետական հեղաշրջումը և այլն, ստիպեցին ժողովը հետաձգել։ Այնուամենայնիվ, այն անպայման կկայանա, եթե համապատասխան պայմանները բավարարվեն»,- նշել է արքեպիսկոպոսը։
Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները պատրաստ են մեծ ջանքեր գործադրել Ամենայն հայոց կաթողիկոսին հետապնդելու համար՝ ի շահ իրենց նպատակների։
«Իշխանություններն օգտագործում են իրենց բոլոր վարչական ռեսուրսները՝ քաղաքական նպատակներով հոգևորականությանը վարկաբեկելու, հասարակության մեջ Եկեղեցու նկատմամբ անհանդուրժողականություն սերմանելու համար՝ միաժամանակ չխուսափելով զրպարտությունից և բացահայտ ստերից։ Նրանք լավ գիտեն՝ որքան անամոթ է սուտը, այնքան ավելի հեշտությամբ է այն յուրացվում։ Այս կառավարությունից, որը բացահայտորեն խաբում է ժողովրդին, իրեն օրենքից վեր է դասում, ոտնահարում է միջազգային իրավական նորմերը, արմատախիլ անում արդարադատությունը և կեղծ մեղադրանքներով ձերբակալում հոգևորականներին ու ազգային բարերարներին, կարելի է ամեն ինչ սպասել։ Հնարավոր է, որ իշխանություններն ավելի հեռու գնան իրենց նպատակներին հասնելու համար։ Բայց ես չեմ կարող հավատալ, որ կգտնվի հայ դատավոր, որը կդատապարտի Ամենայն հայոց կաթողիկոսին։ Այդ մարդը կհեռացվի Եկեղեցուց, և ժողովուրդը կանիծի նրա ամբողջ ընտանիքը»,- զգուշացրել է արքեպիսկոպոսը։
Ժամանակն է, որ Հայ առաքելական եկեղեցին բարձրացնի իր ձայնը և դատապարտի ՀՀ իշխանությունների անօրինական գործողությունները։
«Եկեղեցին միշտ եղել է վերքաղաքական և անկուսակցական կառույց։ Եկեղեցու այս դիրքորոշումն է պահպանել մեր պետականությունը։ Սակայն իշխանությունները ոտնահարել են Սահմանադրությունը՝ Եկեղեցուն լռեցնելու, այն ազդեցությունից զրկելու և ենթարկեցնելու համար։ Ժամանակն է, որ Եկեղեցին միասնական ձայն բարձրացնի և դատապարտի իշխանությունների անօրինական, հակասահմանադրական գործողությունները»,- նշել է արքեպիսկոպոսը։
Նա ընդգծել է, որ Հայ առաքելական եկեղեցու հասցեին Հայաստանի իշխանությունների առաջադրած մեղադրանքներն արհեստական են և անհասկանալի։
«Եկեղեցու դիրքորոշման դեմ հորինված մեղադրանքներ հնչեցին։ Ամեն ինչ արվեց 6 եպիսկոպոսի՝ Ավստրիայում կայանալիք նվիրապետական ժողովին մասնակցելն արգելելու համար։ Իշխանությունները վախենում էին, որ ժողովը կդատապարտի նրանց հակաեկեղեցական քաղաքականությունը։ Այնուամենայնիվ, ներկա էր 25 նվիրապետ»,- հավելել է արքեպիսկոպոսը։
Նա նշել է, որ Եկեղեցին չի միջամտում քաղաքականությանը, բայց Սահմանադրությունը նրան չի արգելում ձայն բարձրացնել՝ պաշտպանելով պետության հոգևոր անվտանգությունը։


