
Չեք կարող ռուսական «ռուլետկա» խաղալ միլիոնավոր մարդկանց ճակատագրի հետ․ Իսպանիայի վարչապետը՝ Թրամփին
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ հակամարտությունը Մերձավոր Արևելքում կարող է հանգեցնել խոշոր համաշխարհային աղետի․ գրում է Reuters գործակալությունը։
Սանչեսը հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ սպառնացել է առևտրային էմբարգո սահմանել Մադրիդի նկատմամբ՝ Մերձավոր Արևելքում հակամարտության հարցում նրա դիրքորոշման պատճառով․ Իսպանիան արգելել էր ԱՄՆ-ին երկրի հարավում համատեղ շահագործվող ռազմածովային և օդային բազաներն օգտագործել Թեհրանի դեմ։
«Մենք չենք պատրաստվում մեղսակից լինել մի բանի, որը վատ է աշխարհի համար, կամ հակասում է մեր արժեքներին ու շահերին՝ պարզապես ինչ-որ մեկի հաշվեհարդարից խուսափելու համար», – ազգին ուղղված հեռուստաուղերձում ասել է Իսպանիայի վարչապետը։
Սանչեսը, որը թե՛ Թրամփի, թե՛ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ամենաբացահայտ քննադատներից է, ասել է, որ կառավարությունները գոյություն ունեն մարդկանց կյանքը բարելավելու համար։ Նա քննադատել է այն առաջնորդներին, որոնք «օգտագործում են պատերազմի շղարշն՝ իրենց իսկ երկներում իրենց ձախողումը թաքցնելու համար»։
«Ահա, թե ինչպես են սկսվում մարդկության մեծ աղետները… Չեք կարող ռուսական «ռուլետկա» խաղալ միլիոնավոր մարդկանց ճակատագրերի հետ», – ասել է Սանչեսը։


