Ձկնորսների կողմից զանգվածային խուլիգանության, բռնություն գործադրելու դեպք է արձանագրվել. ՔԿ պարզաբանումը
Քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել՝ տեղեկացնելով, որ տասնյակ
ձկնորսների կողմից կատարվել է զանգվածային խուլիգանության, պաշտոնատար անձանց նկատմամբ
բռնություն կիրառելու դեպք, ձերբակալվել է 26 անձ:
«Քրեական վարույթի շրջանակներում պարզվում են Գեղարքունիքի մարզում
տասնյակ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած՝ առարկայի գործադրմամբ կողոպուտի, մի խումբ
անձանց կողմից մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված, հարմարեցված
առարկայի և միջոցի գործադրմամբ և այդպիսիք գործադրելու սպառնալիքով խուլիգանության,
ինչպես նաև պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը՝ մարմնական վնասվածք
պատճառելու համար նախապես պատրաստված և հարմարեցված առարկայի և միջոցի գործադրմամբ
միջամտելու դեպքի հանգամանքները»,- հայտնել են ՔԿ֊ից։
Նշվում է, որ միջադեպ է տեղի ունեցել ջրային պարեկային ծառայության
աշխատակիցների և մոտ 200 ձկնորսական նավակների մասնակցությամբ:
Ըստ հաղորդման՝ դրանցում գտնվող դիմակավորված բազմաթիվ անձինք պարեկների
և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նավերի վրա գտնվող անձնակազմի հասցեին հնչեցրել են հայհոյանքներ,
սպառնացել են հրկիզել նրանց և նավերը, նրանց ուղղությամբ նետել են բենզինով լցված շշեր,
փայտեր։ Ոմանց հաջողվել է բարձրանալ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պատկանող նավի վրա
և վիճաբանել նավի վրա գտնվող աշխատակիցների հետ, ձեռքերով, ոտքերով, տարբեր առարկաներով
հարվածել աշխատակիցներին, որոնցից մի քանիսը, նախնական տվյալներով, ստացել են տարբեր
աստիճանի մարմնական վնասվածքներ: