
Ռոբոտ պատկերող ամենահին կինոնկարը՝ ԱՄՆ Կոնգրեսի արխիվում
127-ամյա ժապավեն, որի վրա տասնամյակների փոշի էր նստել ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի արխիվում․ Կոնգրեսի գրադարանի արխիվագետները հին ժապավենների մեջ հայտնաբերել են կինոռեժիսոր Ժորժ Մելիեսի՝ 1897 թվականին նկարահանված «Գուգյուսը և ավտոմատոնը» կարճամետրաժ ֆիլմը, որը հնարավոր է՝ ռոբոտ պատկերող ամենահին կինոնկարն է․ գրում է Popular Science-ը։
Քառասունհինգ վայրկյան տևողությամբ ժապավենը չի ցուցադրվել ավելի քան մեկ դար։
Չնայած ֆիլմը նկարահանվել է «ռոբոտ» բառի պաշտոնական առաջացումից ավելի քան 20 տարի առաջ, այնտեղ շոշափվում է գիտաֆանտաստիկ ժանրի ֆիլմերում մինչ օրս ակտուալ թեմա՝ վախ ռոբոտների ապստամբությունից:
Համր ֆիլմում Գուգյուս անունով կախարդը ցույց է տալիս մեխանիկական մի կերպարի` «ավտոմատոն», վայրում, որը նման է վաղ ռոբոտների արտադրության գործարանի։ Ավտոմատոնը հագնված է ծաղրածուի նման և կանգնած է պատվանդանի վրա: Գուգյուսը պտտեցնում է պատվանդանի ներքևի հատվածում գտնվող պտուտակը, որից հետո ավտոմատոնն սկսվում է շարժել իր ձեռքերը վեր ու վար՝ Գուգյուսին մեծ ուրախություն պատճառելով։ Այդ ուրախությունը, սակայն, երկար չի տևում:
Հաջորդ տեսարանում ավտոմատոնը փոխարինվում է ավելի մեծ մարդակերպ կերպարով։ Գուգյուսը կրկին պտտում է պտուտակը․ մարդանման ավտոմատոնն սկսում է շարժել վերջույթները։ Սակայն այս անգամ, մի քանի պարբերական պտույտներից հետո, ավտոմատոնը շրջվում է դեպի կախարդը և սկսում ձեռքում գտնվող ձեռնափայտերը որպես զենք օգտագործել՝ ագրեսիվ կերպով ծեծելով իր իսկ ստեղծողին։ Զայրացած՝ Գուգյուսը բռնում է ռոբոտի ոտքերից և նրան հեռացնում պատվանդանից։ Վերցնելով մի մեծ մուրճ՝ կախարդն սկսում է հարվածել ավտոմատոնի գլխին։ Ամեն հարվածի հետ ռոբոտն ավելի ու ավելի է փոքրանում, մինչև լիովին անհետանում է։ Այս տեսարանով ֆիլմն ավարտվում է։
Հրապարակման մեջ նշվում է, որ մասնագետները գիտեին ֆիլմի մասին, սակայն կարծում էին, որ այն ընդմիշտ կորել է։ Այն պատահաբար հայտնաբերվել է 19-րդ դարում ապրած ֆերմեր Ուիլյամ Դելայլ Ֆրիսբիին պատկանող ֆիլմերի հավաքածուում։ Ֆրիսբիի ընտանիքը հետագայում ժապավենը նվիրաբերել է Կոնգրեսի գրադարանին։
Ֆիլմն այժմ հնարավոր է անվճար դիտել 4K որակով։


