
ՀՀ սահմանային անցակետերում բեռնատարների համար կկառուցվեն վճարովի կայանատեղիներ. ՊԵԿ
ՊԵԿ-ը նախաձեռնում է բեռնատար տրանսպորտային միջոցների հերթերի կառավարման նոր համակարգի ներդրում․ տեղեկացնում են կոմիտեի լրատվական ծառայությունից։
«Խորհրդարանն ընդունել է «Մաքսային կարգավորման մասին» օրենքում և հարակից օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, ինչի նպատական նպատակը Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ցամաքային անցման կետերում բեռնատար տրանսպորտային միջոցների հոսքի արդյունավետ կազմակերպումը, սպասարկման ժամկետների կրճատումը և սահմանահատման գործընթացի պարզեցումն է։
Սահմանային անցակետերում ՀՀ-ից մեկնող բեռնատարների հերթերի պատշաճ կառավարման նպատակով պետական սահմանի ավտոմոբիլային անցման կետերից ոչ ավելի, քան 20 կիլոմետր հեռավորության վրա նախատեսվում է վճարովի կայանատեղիների կազմակերպման գործունեություն, որը միտված է սահմանային անցման կետերում ծանրաբեռնվածության թեթևացմանը, բեռնատար տրանսպորտային միջոցների հոսքի կանոնակարգմանը և հերթերի առաջացման կանխարգելմանը։
Միաժամանակ, հերթերի կառավարման պատշաճ համակարգ ներդնելու նպատակով ուսումնասիրվել է մի շարք երկրների փորձը։ Հարցում է իրականացվել բեռնափոխադրումներ իրականացնող տնտեսվարողների շրջանում։
Հարցվածների շուրջ 73 %-ը նշել է, որ ցամաքային անցման կետերի հարակից տարածքներում բեռնատար տրանսպորտային միջոցների համար առկա է վճարովի կայանատեղիների անհրաժեշտություն»,- ասված է հաղորդագրությունում։


