20 Սեպ
2024
17.1° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանում «ռևանշ» բառից սարսափում են քրոնիկ ՔՊ-ականները՝ առանց ընկալելու, թե ինչ է դա. Վահե Հովհաննիսյան

Հայաստանում «ռևանշ» բառից սարսափում են քրոնիկ ՔՊ-ականները՝ առանց ընկալելու, թե ինչ է դա. Վահե Հովհաննիսյան

Պատերազմից և Արցախի հայաթափումից հետո մենք ազգային սնանկության
բացառիկ պատմական փուլում ենք. չգիտենք անելիքը, չենք պատկերացնում հետագան. գրում
է «Այլընտրանքային նախագծերի» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանն առաջ է քաշում «խաղաղության պայմանագիր»
թեզը, թեև ինքն էլ վստահ չէ՝ կլինի՞ այն, թե ոչ, առավել ևս չգիտի, թե ինչ է մեզ սպասում
հետո։

«Խաղաղության պայմանագիր» և Նիկոլ մերժողներն էլ հասարակությանը
չեն առաջարկում այլ խելամիտ լուծում, ապագայի այլ մոդել, հետպատերազմյան վերականգնման
ստրատեգիական այլ տարբերակ։  Հասարակությունը սկսում է փախչել իրականությունից,
ատոմիզացվում է և մերժում ամեն ինչ։  Ալիևը սա լավ հասկանում է, և գրեթե բառացիորեն
ասում է, որ խաղաղություն հնարավոր է, եթե Հայաստանը ընդունի ներկա և ապագա իր պատմական
ամլության փաստը՝ առանց նպատակ, առանց երազանք, առանց հիշողություն, առանց իրավունքի
զգացում՝ հայրենիքի և նրա հոգևոր ժառանգության հանդեպ։ Մեզնից ուզում են ստանալ «անասունների
հասարակություն»,-գրել է նա։

Վահե Հովհաննիսյանն անդրադարձել է  տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի՝
«ռևանշի» մասին հայտարարությանն ու նշել, որ դա բացառիկ երևույթ էր:

«Սա անմիջապես նկատեցին Ադրբեջանում։ Հայաստանում «ռևանշ» բառից,
ինչպես բորոտից, սարսափում են քրոնիկ ՔՊ-ականները՝ առանց ընկալելու, թե ինչ է դա։

Ռևանշ նշանակում է վերականգնվել որպես մարդ, վերականգնվել որպես
արժանապատիվ հասարակություն, որպես ապագա ունեցող պետություն, հոգևոր արժեքներ ունեցող
հայկական աշխարհ։ Ռևանշ որևէ կերպ չի նշանակում նոր պատերազմ։ Ավելին, ռևանշի վերջնական
նպատակը բոլոր հարևանների հետ, և գուցե առաջին հերթին Ադրբեջանի հետ խաղաղ հարաբերությունների
հաստատումն է։ Բայց ռևանշ նշանակում է նաև հոգևոր և պատմական հիշողություն, և իրավունք՝
Արցախի մեր շքեղ քաղաքների ու գյուղերի, Ամարասի, Գանձասարի, մեր նախնիների ու մեր
հերոսների գերեզմանների, մեր տների հանդեպ»,-գրել է քաղաքագետն՝ ընդգծելով, որ լավ
է, երբ մեր հոգևոր հայրերն օգտագործում են այդ բառը:

«Այսօր կա Ադրբեջան, որն ունի ստրատեգիական մտածողություն, գիտի՝
ինքն ինչ է ուզում 5-15-25 տարվա կտրվածքով, ու կա Հայաստան, որի մտածողության և հաշվարկի
հորիզոնը 5 շաբաթից այն կողմ չի անցնում։

Ալիևը չի մեղավոր, որ մեր քաղաքական միտքն առաջ չանցավ «Հայաստանն
առանց թուրքի» անպտուղ վանկարկումից։ Ավելին, մեր պարզունակությամբ փոքր Հայաստանը
կիսեցինք ռուսամետների և արևմտամետների կեղծ բարիկադով՝ չհասկանալով, որ իրական պրոցեսը
Թուրքիան է տանում»,-գրել է Հովհաննիսյանը։