
Եթե գլխիդ մեջ աղբ են լցնում, բարի մտքերի համար տեղ չի մնում․ Ռուբեն Մալայան
ABC ինտերվյու-ի հյուրը գեղագիր, դասախոս Ռուբեն Մալայանն է։ Նրա հետ զրուցել ենք եկեղեցու դեմ ծավալած արշավի մասին, ինչպես նաև ինքնութենական հարցերի և գեղագրության շուրջ։ Ներկայումս գեղագիրն աշխատում է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» երկի տեքստի հետ։ Գեղագրի կարծիքով՝ մեր մշակույթը բավարար չափով ներկայացված չէ անգամ մեր սեփական ժողովրդին։ Այս հանգամանքն էլ հենց մեր մշակույթի հետ կապի թուլացման պատճառ է հանդիսացել։
-Ինչպե՞ս եք գնահատում եկեղեցու դերը հայ ժողովրդի կյանքում և ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ նրա նկատմամբ չդադարող հետապնդումները։
-Եկեղեցին մեր ժողովրդի կարևորագույն ինստիտուտներից մեկն է և եկեղեցուն հետևողականորեն հասցված հարվածները չեն կարող անհետևանք մնալ։ Մարդիկ կարող են կորցնել այն հենարանը, որը դարեր շարունակ գոյություն է ունեցել։ Այդ կառույցը մեր ինքնության հիմնասյուներից մեկն է։ Փորձ է արվում եկեղեցու վարկաբեկման միջոցով, մոռացության տալ նրա դարերի վաստակն ու առաքելությունը։
-Պատերազմից հետո հասարակության մեջ առաջացած հիասթափությունն ու անվստահությունը ինչպե՞ս են ազդել մարդկանց հավատքի և արժեքային համակարգի վրա։
-Այսօր լուրջ հարց է առաջանում՝ որքանո՞վ է միջին հայը հավատացյալ, որքանո՞վ է ապրում քրիստոնեական արժեքներով։ Խնդիրը միայն կրոնական չէ, այլ նաև արժեքային։ Պատերազմից հետո հասարակության մեջ առաջացած հիասթափությունն ու անվստահությունը խորացրել են ճգնաժամը։ Շատերը չեն հավատում, որ հնարավոր է դուրս գալ այդ հոգեվիճակից, կրկին լույս տեսնել և ոգեշնչվել։
-Ինչու՞ է կարևոր մտքի, խոսքի և արարքի միասնությունը, և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ խոսքի արժեզրկումը հասարակության մեջ։
-Խոսքի արժեքը կարևորագույն օրինակներից է. եթե խոստանում ես և չես կատարում, հետևանքները ծանր են լինելու։ Դիցաբանությունը մշտապես ընդգծում է մտքի, խոսքի և արարքի միասնությունը։ Պարսկական մշակույթում հայտնի սկզբունքն է՝ «բարի մտքեր, բարի խոսքեր, բարի գործեր»։
-Ինչպե՞ս է Մեսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենը նպաստել հայ ժողովրդի ինքնության պահպանմանը։
-Հայ ժողովուրդը չէր կարող պահպանել իր քրիստոնեական ինքնությունը առանց Մեսրոպ Մաշտոցի պատմական որոշման։ Նրա ստեղծած գրերը և ձախից աջ գրելու համակարգը հիմնարար քաղաքակրթական քայլ էին։ Եթե ընտրությունը հակառակն լիներ, հնարավոր է՝ մենք այսօր որպես առանձին էթնոս գոյություն չունենայինք։
-Ինչպիսի՞ ընտրության առաջ է կանգնած այսօր հայ հասարակությունը և ի՞նչ դեր կարող են ունենալ առաջիկա ընտրություններն այդ գործընթացում։
-Պատմությունը հաճախ մեզ կանգնեցնում է ընտրության առաջ։ Փորձել միաժամանակ «երկու աթոռի վրա նստել»՝ և՛ այս կողմում լինել, և՛ մյուս, չի հաջողվում։ Հասարակությունը կանգնած է հերթական ընտրության փուլում, և առաջիկա ընտրությունները նույնպես այդ գործընթացի մաս են։
-Ինչպե՞ս կարող է տեղեկատվական միջավայրի «աղբը» ազդել մարդու մտածողության և արժեքային համակարգի ձևավորման վրա։
-Եթե մարդու գիտակցությունը մշտապես լցվում է տեղեկատվական «աղբով», բարի մտքերի համար տեղ չի մնում։ Ստեղծվում է լարված միջավայր, որտեղ մարդուն ժամանակ չի տրվում վերլուծելու և հասկանալու տեղի ունեցողը։ Դա դժվար թե պատահական լինի։ Պատմությունը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր նոր գաղափարախոսություն, հատկապես քրիստոնեության ընդունման ժամանակաշրջանում, պահանջել է մշակութային մեծ զոհողություններ։ Նոր արժեքային համակարգ հաստատելու համար հաճախ փորձ է արվել զրոյացնել նախորդ մշակույթը։
-Ինչպիսի՞ մշակութային ընտրության առաջ է պատմության ընթացքում կանգնած եղել հայ ժողովուրդը և ի՞նչ նշանակություն է ունեցել Մաշտոցի ընտրությունը դեպի արևմտյան քաղաքակրթություն։
-Հայերը ունեցել են հարուստ դիցարան՝ համեմատելի հունական պանթեոնի հետ։ Մենք մշտապես գտնվել ենք արևելքի և արևմուտքի միջև մշակութային ընտրության դիլեմայի առաջ։ Մաշտոցի ընտրությունը դեպի արևմուտք էր, ինչի վկայությունն է նաև հայոց այբուբենի կառուցվածքն ու հունականին նմանությունը։ Հատկանշական է, որ այն ոչ թե արաբականի նման գրվում է աջից ձախ, այլ հունականի նման ՝ձախից աջ։ Այդ որոշումն իսկապես վճռորոշ եղավ մեր ապագայի համար։
-Ձեր կարծիքով ի՞նչ առաքելություն ունի այսօր հայ ժողովուրդը և ինչպե՞ս պետք է հավասարակշռել առևտրային և ստեղծարար մտածողությունները։
-Այսօր հստակ նպատակ չի երևում։ Ո՞րն է հայ ժողովրդի առաքելությունը։ Մենք առևտրակա՞ն ազգ ենք, թե՞ ստեղծագործող։ Առևտուրը բնական գործունեություն է, սակայն եթե ազգն իրեն ընկալում է բացառապես որպես առևտրական, ապա արժեք ստեղծելու գաղափարը երկրորդ պլան է մղվում։
-Ինչպիսի՞ խնդիրներ եք տեսնում այսօր Հայաստանի և Սփյուռքի հարաբերություններում, և ինչո՞ւ են այդ կապերը թուլացել։
-Սփյուռքում հիմա լրիվ ուրիշ գործընթացներ են տեղի ունենում։ Նրանք ընդհանրապես չեն հասկանում, թե ինչ է կատարվում այստեղ ու չգիտեն ինչ անել։ Տեսնում են, որ այստեղ սղոցում ենք այն ճյուղը, որի վրա նստած ենք։ Այս իրավիճակում նրանք անզոր են որևէ բան անել, որովհետև չգիտեն՝ ոնց համոզեն այս մարդկանց, որ չսղոցեն այդ ճյուղը։ Հիմա Սփյուռքի հետ բոլոր կապերը համարյա խզվել են։ Այն ինստիտուտները, որոնք պետք է այդ կապը ապահովեն, այլևս չեն գործում։ Իսրայելն այս իմաստով շատ լավ օրինակ է, ու ես կարող եմ էլի շատ այլ օրինակներ բերել, սակայն անիվ հորինել պետք չէ․ երկու հին՝ իրար շատ նման ազգեր են։ Իսրայելի օրինակը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է համախմբել ազգը հայրենիքի պաշտպանության և զարգացման հարցի շուրջ։ Դրա պատճառներից մեկն այն է, որ իրենք անըդհատ թարմացնում են իրենց արյունը իրենց հայրենակիցների ներհոսքի միջոցով՝ հայրենակիցներ, որոնց մեջ գուցե հրեական արյունը ընդամենը քսանհինգ տոկոս է։
-Ինչո՞ւ է Մասիսն ու հայկական մյուս խորհրդանիշներն այդքան ուժեղ հոգևոր ազդեցություն թողնում մեզ վրա։
-Օտարները մեր մասին հաճախ ավելի խոր ուսումնասիրություններ են անում, քան մենք մեր մասին։ Նրանց համար երբեմն ավելի հետաքրքիր ենք, քան մենք մեզ համար։ Երբ հայի են հանդիպում, երբեք չեմ մոռանում։ Ամեն դեպքում մեր երկրում ինչ-որ հոգևոր բան կա, որ իրենք էլ են զգում։ Նրանք նայում են Մասիսին ու ամեն անգամ ապշում։ Հետո գիտակցում են, որ դա ընդհանրապես մեր սահմանի մեջ էլ չի․․․Ամենակարևոր խորհրդանիշը, որ ունենք, մեր սահմանից այն կողմն է և անհասանելի։ Լեռն ինձ համար ժամանակի մեքենա է, երբ նայում եմ լեռանը, նա ինձ ուրիշ ժամանակներ է տեղափոխում, կտրում է այս իրականությունից։ Լեռանը նայելիս եմ զգում, որ իմ հոգին երևի այս ժամանակից չի։ Չգիտեմ՝ ինչու, ես չեմ ուզում հիմա այստեղ լինեմ, ես ուզում եմ գնալ այն ժամանակներ՝ ժամանակներ, որոնք հայկական պոեզիայի մեջ այդքան պարզ ու զուլալ են նկարագրված։

