
ԱԹՍ-ներ՝ Նախիջևանում․ ԱՄՆ-ն և Իսրայելը փորձո՞ւմ են արդյոք սադրել Ադրբեջանին․ միջազգային մամուլի ամփոփում
Ամերիկացիներին անհրաժեշտ է միջնորդ ուժ՝ Իրան ցամաքային ներխուժում իրականացնելու համար: Դրանք կարող են լինել իրանցի ադրբեջանցիները, այլ ոչ թե քրդերը․ գրում է EADaily-ն։
Որոշ վերլուծաբաններ ենթադրում են, որ Ադրբեջանը կարող է մասնակցել Իրանի ցամաքային ներխուժմանը, որտեղ բնակվում են էթնիկ ադրբեջանցիներ: Նախագահ Ալիևը դեռևս «էյֆորիայի» մեջ է Ղարաբաղում տարած հաղթանակից հետո և տարված է «միացյալ Ադրբեջան» ստեղծելու գաղափարով: Այս տեսության համաձայն՝ «Հարավային Ադրբեջան» տերմինը նշանակում է Իրանի հյուսիսարևմտյան տարածքները, որտեղ բնակվում է մոտավորապես 15-25 միլիոն էթնիկ ադրբեջանցի, ինչը 2-3 անգամ ավելի է, քան Ադրբեջանի բնակչությունը: Թեհրանը վախենում է, որ Ադրբեջանը Նախիջևանի և Թուրքիայի հետ Հայաստանի միջոցով կապելը կստեղծի պանթյուրքական աղեղ, որը, ի վերջո, անկայունացնելու է Իրանի հյուսիսը: Թեհրանը մեղադրում է Բաքվին Իսրայելին իր օդային տարածքն օգտագործելու թույտվություն տալու համար։ Թուրքիան Բաքվի միակ խոչընդոտն է։
Անկարային որպես դաշնակից անհրաժեշտ է ուժեղ Ադրբեջան, բայց նրան պետք չէ «Մեծ ադրբեջանական կայսրություն», որը կարող է դառնալ անկառավարելի կամ ընկնել Իսրայելի և Միացյալ Նահանգների չափազանց մեծ ազդեցության տակ։ Թուրքիան նաև գնում է իրանական գազի զգալի ծավալներ։ Համաշխարհային էներգետիկ ճգնաժամի պայմաններում իրանական մատակարարումների կորուստը կարող է աղետալի լինել թուրքական տնտեսության համար։
Եթե Ալիևը որոշի քայլ անել, նա, հավանաբար, կվերլուծի իր նավթային ակտիվների ռիսկերը, որոնք գտնվում են իրանական անօդաչու թռչող սարքերի և հրթիռների նվազագույն թռիչքի հեռավորության վրա և, հետևաբար, կարող են արագ ոչնչացվել։
Քաղաքագետներ Ֆյոդոր Լուկյանովը և Տիմոֆեյ Բորդաչովը «Взгляд»-ի հետ զրույցում ենթադրել են, որ Նախիջևանի ուղղությամբ անօդաչու թռչող սարքի հարվածը կարող է լինել կա՛մ պատահականություն՝ լայնածավալ սրման պայմաններում, կա՛մ դիտավորյալ սադրանք։
Այնուամենայնիվ, Ադրբեջանը, ինչպես Թուրքիան, կփորձի խուսափել հակամարտության մեջ ներգրավվելուց՝ գործելով առավելագույն զսպվածությամբ։ Բաքուն կարող է նաև հակահարված տալ՝ ավելացնելով իր ռազմական ներկայությունը Նախիջևանում:
«Օրինակ՝ պետության իշխանությունները կարող են ուժեղացնել ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը տարածաշրջանում։ Վերաբաշխումը հնարավոր է ցամաքային ճանապարհով Հայաստանի տարածքով: Կհամաձայնվի՞ Բաքուն դրան, և կարձագանքի՞ այդ դեպքում Երևանը», – ենթադրել է փորձագետը:
Իր հերթին՝ ռազմական փորձագետ Վլադիսլավ Շուրիգինը կարծում է, որ անօդաչու թռչող սարքերի հարվածն ամերիկացիների կողմից իրականացված հատուկ գործողություն էր՝ Ադրբեջանին Իրանի հետ դիմակայության մեջ ներքաշելու համար:
Ըստ The New York Times-ի՝ արձակված հրթիռի թիրախն «Ինջիրլիք» ռազմաբազան էր, որտեղ տեղակայված է ԱՄՆ ռազմաօդային ուժերի «նշանակալի զորակազմ»: Թեհրանը հերքել է նաև այս մեղադրանքները․ Իրանի ԶՈՒ-ն հարգում է Թուրքիայի ինքնիշխանությունը և հրթիռներ չի արձակել նրա տարածք։
Lenta.ru-ի հետ զրույցում փորձագետ Ստանիսլավ Պրիչինը նշել է, որ Ադրբեջանը չեզոք դիրքորոշում է զբաղեցրել Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև հակամարտության մեջ, ուստի՝ Բաքուն մինչ օրս ձեռնպահ է մնացել հակաիրանական ուղղակի քայլեր ձեռնարկելուց։
«Մենք տեսնում ենք, որ Բաքվի արձագանքը բավականին կոշտ էր։ Ալիևը չխնայեց խոսքերը և բավականին անկեղծորեն մեղադրեց Իրանին։ Սակայն, ակտիվ քայլերի առումով, Ադրբեջանը, չնայած իր պատասխանելու իրավունքին, ներկայում ձեռնպահ է մնում հետագա գործողություններից»,- նշել է Պրիչինը։
Փորձագետը կարծում է, որ Ալիևի վարչակազմը կկապվի Թեհրանի հետ՝ իրավիճակը պարզաբանելու և միջադեպը համատեղ հետաքննելու համար։ Պրիչինը, սակայն, չի բացառում, որ սա շահագրգիռ միջնորդ ուժերի կողմից սադրանք էր՝ Ադրբեջանին Իրանի դեմ հակամարտության մեջ ներքաշելու նպատակով։
«Ադրբեջանը չեզոք դիրքորոշում է ընդունել հակամարտության հարցում՝ դրանով իսկ ապահովելով Իրանի հյուսիսային սահմանների անվտանգությունը, ինչը շատ արժեքավոր է Թեհրանի համար իր ներկայիս կոնֆիգուրացիայում»,- եզրափակել է փորձագետը։


