
ԱՄՆ-ն պետք է մասնակցի Իրանի հաջորդ առաջնորդի ընտրությանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Reuters-ին ասել է, որ Միացյալ Նահանգները պետք է մասնակցի Իրանի հաջորդ առաջնորդի ընտրությանը։
Գործակալության հետ հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահը նշել է, որ կարծում է՝ Իրանի հաջորդ առաջնորդը, հավանաբար, չի լինի նախկին գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի որդին, որը դարձել է ռազմական հարվածի ժամանակ զոհված հորը հաջորդելու ֆավորիտը։
«Մենք ստիպված ենք լինելու ընտրել այդ մարդուն Իրանի հետ միասին։ Մենք ստիպված ենք լինելու ընտրել այդ մարդուն», – ասել է Թրամփը։
Իսլամական Հանրապետությունում ղեկավարության իրավահաջորդության վերաբերյալ ԱՄՆ նախագահը զուգահեռ է անցկացրել Վենեսուելայի օրինակի հետ, երբ ամերիկյան ուժերը հունվարին հեռացրին նախագահ Նիկոլաս Մադուրոյին՝ իշխանության թողնելով Դելսի Ռոդրիգեսին, որն, ըստ Թրամփի, «հրաշալի աշխատանք է կատարել»։
Զրույցում Թրամփը նաև նշել է, որ «հրաշալի» կլիներ, եթե Իրաքում տեղակայված քրդական ուժերը մտնեին Իրան և հարձակումներ իրականացնեին այնտեղի անվտանգության ուժերի վրա։
«Կարծում եմ՝ հրաշալի է, որ նրանք ցանկանում են դա անել, ես լիովին կողմ կլինեի դրան», – ասաց նախագահը։


