06 Մար
2026
6° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ալիևի հայտարարությունն «իրանցի ազերիների» մասին նոր և հնարավոր է՝ անկանխատեսելի տարր է ներմուծում․ BBC

Ալիևի հայտարարությունն «իրանցի ազերիների» մասին նոր և հնարավոր է՝ անկանխատեսելի տարր է ներմուծում․ BBC

Մերձավոր Արևելքում պատերազմը տարածվել է Իրանի հյուսիսային սահմանից այն կողմ, որտեղ Ադրբեջանը հայտարարել է, որ իրանական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Նախիջևանի էքսկլավին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դատապարտել է միջադեպն՝ այն որակելով «ահաբեկչական ակտ»։ Նա Թեհրանից պահանջել է բացատրություն տալ և ներողություն խնդրել՝ միաժամանակ Բաքվի զինված ուժերը բարձր մարտական պատրաստության վիճակի բերելով։ Նա նաև անդրադարձել է Իրանի էթնիկ ադրբեջանցի բնակչությանը՝ Թեհրանի համար զգայուն թեմայի․ գրել է BBC -ին։

Իրանը հերքում է հինգշաբթի օրվա հարվածներում իր մասնակցությունը և ենթադրել է, որ դա կարող է լինել սադրանք Իսրայելի կողմից։

Ալիևը նշել է, որ հարվածի հետևում կանգնած իրանական ուժերը «տգեղ, վախկոտ և զզվելի» էին. սա պետության ղեկավարի համար անսովոր կոպիտ անձնական վիրավորանք էր։

Սակայն նրա զայրույթը չի սահմանափակվել խոսքերով. Ալիևը նշել է, որ «անկախ Ադրբեջանը հույսի վայր է Իրանում ապրող ադրբեջանցիների համար»։

Թեհրանն ադրբեջանական ինքնության ցանկացած գաղափար, որը տարածվում է իր սահմաններից դուրս, համարում է ներքին միասնության հնարավոր մարտահրավեր։

Իրանը գտնվում է ոչ միայն պատերազմի, այլև ներքին անկարգությունների և քաղաքական անորոշության ուժեղ ճնշման տակ, և Ալիևի ուղերձը Թեհրանին ուղղված նախազգուշացում է թվում. Ադրբեջանին ռազմական կամ դիվանագիտական ճանապարհով ճնշելու ցանկացած փորձ կարող է հանգեցնել Բաքվի կողմից արձագանքի, այդ թվում՝ այնպիսին, որը կազդի Իրանի ներքին կայունության վրա։

Նրանք նաև քաղաքականապես նշանակալի համայնք են։ Այս շաբաթ աքսորված թագաժառանգ Ռեզա Փահլավին կոչ է արել իրանցի ադրբեջանցիներին, ինչպես նաև այլ էթնիկ փոքրամասնություններին, ապստամբել ռեժիմի դեմ։

Չնայած իրենց ընդհանուր շիական ինքնությանը, Իրանն ու Ադրբեջանը քաղաքականապես հեռացել են, և լարվածությունը սրվել է 2020 և 2023 թվականների ղարաբաղյան պատերազմներում Ադրբեջանի ռազմական հաղթանակներից հետո, որոնց նպաստել են թուրքական և իսրայելական արտադրության զենքերը։

Իրանը Բաքվի և Իսրայելի միջև պաշտպանական սերտ գործընկերությունը համարում է լուրջ սպառնալիք։

Իրանցի պաշտոնյաներն ու լրատվամիջոցները բազմիցս մեղադրել են Ադրբեջանին իսրայելական հետախուզությանն Իրանի հյուսիսային սահմանի երկայնքով գործողություններին օգնելու համար, ինչն Ադրբեջանը հերքում է։

Ադրբեջանի կապերն Իսրայելի հետ սպառնում են Իրան անվտանգությունը։ Իսրայելը մեծապես կախված է ադրբեջանական նավթից, և երկու երկրները պահպանում են սերտ քաղաքական և հետախուզական համագործակցություն։

Թեհրանի համար այս համագործակցությունը գտնվում է կասկածների կենտրոնում։

Ադրբեջանն, իր հերթին, վաղուց դժգոհ է հարևան Հայաստանին Իրանի կողմից ցուցաբերվող քաղաքական և ռազմական աջակցությունից՝ այն համարելով ուղղակի միջամտություն իր սեփական անվտանգությանը վերաբերող հակամարտությանը։

Անվստահության այդ պատմությունը կարևոր ֆոն է հինգշաբթի տեղի ունեցած սրացման համար, որը ձևավորում է, թե ինչպես է Բաքուն մեկնաբանում Թեհրանից եկող յուրաքանչյուր քայլ։

Իրանը դեմ է Ադրբեջանի և նրա Նախիջևանի էքսկլավի միջև ցամաքային կապի հաստատմանը: Թեհրանը մշտապես դեմ է եղել Հայաստանի կողմից Ադրբեջանին ցամաքային միջանցք տրամադրելու հնարավորությանը: Ադրբեջանը էներգակիրների խոշոր մատակարար է, և նրա հում նավթը համաշխարհային շուկաներ է հասնում 1768 կմ երկարությամբ խողովակաշարով, որը Բաքվով անցնում է Կասպից ծովով՝ Վրաստանի միջով մինչև Թուրքիայի Միջերկրական ծովի ափ: Այդ խողովակաշարն օրական տեղափոխում է ավելի քան մեկ միլիոն բարել նավթ և Եվրոպային ապահովում է կենսականորեն կարևոր մատակարարման ուղիով, որը շրջանցում է և՛ Ռուսաստանի, և՛ Իրանի տարածքը։

Այն նաև մատակարարում էլ  Իսրայելին անհրաժեշտ նավթի զգալի մասը։

Արդյունքում՝ խողովակաշարը դիտվում է որպես Իրանի համար նշանակալի պոտենցիալ թիրախ, և խափանման ցանկացած սպառնալիք կարող է առաջացնել անվտանգության մտավախություններ և ցնցել էներգետիկ շուկաները։

Ե՛վ Իրանը, և՛ Ադրբեջանը հերքում են սրման ձգտումը։

Ալիևը պնդում է, որ Ադրբեջանը «չի մասնակցի» Իրանի դեմ ռազմական գործողություններին, իսկ Թեհրանը շարունակում է մերժել անօդաչու թռչող սարքերի հարձակման պատասխանատվությունը։

Սակայն Ալիևի որոշումը՝ բացահայտ խոսելու Ադրբեջանի՝ իրանցի ազերիների համար «հույսի վայր» լինելու մասին, ներմուծում է նոր և հնարավոր է՝ անկանխատեսելի տարր։

Ալիևն ընդգծել է, որ ինքը միակ օտարերկրյա առաջնորդն էր, որը այցելել է Իրանի դեսպանատուն՝ Խամենեիի սպանությունից հետո ցավակցություն հայտնելու համար, և որ ինքն անձամբ արձագանքել է Իրանի դեսպանատան աշխատակիցներին Լիբանանից տարհանելու խնդրանքին։

Այժմ, Ալիևի խոսքով, Իրանը հատուցել է այդ ժեստերն՝ անօդաչու թռչող սարքերի հարվածներով Ադրբեջանի տարածքում, ինչը նա համարում է դավաճանություն։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ