
Խոսելու ոչինչ չկա, բանակցություններ չեն լինի․ Պակիստանն ու Աֆղանստանը հաշտեցման նշաններ ցույց չեն տալիս
Պակիստանի ու Աֆղանստանի զորքերն ուրբաթ փոխադարձ կրակ են բացել սահմանագծի տասնյակ հատվածներում․ գրում է Reuters գործակալությունը։
ՄԱԿ-ը հայտարարել է, որ մեկ շաբաթ առաջ սկսված հակամարտության պատճառով 100․000-ից ավելի մարդ է տեղահանվել։
Տարբեր երկրներ կողմերին առաջարկել են զինադադարի շուրջ բանակցություններ սկսել, սակայն Պակիստանի կառավարության խոսնակ Մոշարաֆ Զաիդին ասել է, որ «խոսելու ոչինչ չկա․ երկխոսություն կամ բանակցություններ չեն լինի»։
Հակամարտությունն սկսվել է անցյալ շաբաթ Աֆղանստանի դեմ պակիստանյան օդային հարվածներով, որոնք, ըստ Իսլամաբադի, ուղղված էին զինյալների հենակետերի դեմ։ Աֆղանստանը հարվածները որակել է երկրի ինքնիշխանության խախտում և հայտարարել է պատասխան գործողությունների մասին։
Աֆղանստանում ՄԱԿ-ի առաքելությունը հայտնել է, որ մարտերի սկսվելուց ի վեր երկրում զոհվել է 56 և վիրավորվել՝ 128 խաղաղ բնակիչ։ «Թալիբան»-ի կառավարությունը հայտարարել է, որ զոհվել է 110 խաղաղ բնակիչ։


