
Իրանից տեղափոխվող Հայաստանի քաղաքացիների տարբերվող հոսք չի նկատվել․ ՀՀ ԱԳՆ
Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր՝ Իրանում ՀՀ դեսպանություն է դիմել Հայաստանի քաղաքացիություն ունեցող երկու քաղաքացին․ տեղեկանում ենք Հայաստանի արտգործնախարարությունից։
Նրանցից մեկն առանց խոչընդոտների վերադարձել է Հայաստան։ Երկրորդ քաղաքացու վերադարձի կազմակերպման գործընթացը շարունակվում է, նա դեսպանության հետ մշտական կապի մեջ է։
Դեսպանությունն օրական ստանում է միջինում 15-20 հեռախոսազանգ, որոնք հիմնականում վերաբերում են Հայաստան-Իրան սահմանի անցանելիությանը։ Իրանից Հայաստան և Հայաստանից Իրան սահմանային անցումները հայաստանյան կողմում իրականացվել են բնականոն ռեժիմով։
Ընդհանուր առմամբ, Իրանից Հայաստան տեղափոխվող ՀՀ քաղաքացիների՝ սովորականից էապես տարբերվող հոսք չի նկատվել:
Իրանում կապի սահմանափակումներով պայմանավորված՝ ՀՀ դեսպանությունը նաև աջակցում է Իրանում գտնվող հայերի վերաբերյալ տեղեկությունների փոխանցմանը նրանց հարազատներին։
Բացի ՀՀ քաղաքացիներից, դեսպանությանն են դիմում նաև օտարերկրյա քաղաքացիներ՝ Հայաստան մուտքի հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով։ Նրանց տրամադրվում են համապատասխան պարզաբանումներ և անհրաժեշտ ուղղորդումներ։
Միաժամանակ, դեսպանությունն անհրաժեշտ աջակցություն է ցուցաբերում Իրանի Իսլամական Հանրապետությունում հավատարմագրված մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների դիվանագետներին և նրանց ընտանիքների անդամներին՝ ըստ անհրաժեշտության Հայաստանի տարածքով դեպի իրենց երկրներ վերադարձի կազմակերպման հարցում»,- ասված է հաղորդագրությունում։


