
Որտե՞ղ են ապրում տեղահանված երազանքները
Ո՞ւր են տեղափոխվում տեղահանված երազանքները։ Կարողանո՞ւմ են հարմարվել նոր տեղերում։ Տեղահանված երազանքները շարունակո՞ւմ են ապրել։
… 2020 թվականի սեպտեմբերի 26-ին Քարվաճառի մեր տանը հյուրեր ունեինք։ Ընկերներս հերթական անգամ եկել էին Քարվաճառ՝ մեր տան բակում ստեղծվող հյուրատան շինարարությունն ավարտին հասցնելու համար։ Մեր տան բակում կառուցվող հյուրատունը կառուցվող երազանք էր. Քարվաճառում ավելի շատ մարդկանց հյուրընկալելու, ավելի շատ մարդկանց քարվաճառյան հրաշքին ծանոթացնելու, Արցախը բացահայտելու երազանք…
2020 թվականի սեպտեմբերին քովիդյան երկարատև կարանտինից հետո դասերը վերսկսվել էին։ Դիմակներով ու ախտահանիչ միջոցներով զինված՝ պարապմունքները վերսկսել էինք նաև Քարվաճառի վիքիակումբում։ Քարվաճառցի պատանի վիքիխմբագիրները պատասխանատու կերպով հաճախում էին վիքիակումբ ու հոդվածներ խմբագրում հայերեն վիքիպեդիայում՝ իրացնելով հավասար կրթություն ստանալու իրենց իրավունքը, զարգացնելով իրենց քննական մտածողությունն ու թարգմանչական հմտությունները։ Քարվաճառցի պատանիների երազանքները, որ կապված էին իրենց ծննդավայրի հետ, իրականանալու հնարավորություն էին ստանում որակյալ կրթության միջոցով։
2020 թվականի սեպտեմբերի 26-ը շաբաթ օր էր։ Դրան նախորդող օրը Քարվաճառի դպրոցի աշակերտներից մեկի մոտ քովիդ էր հաստատվել։ Թեստ էին հանձնել դասարանի բոլոր աշակերտները։ Եթե որևէ մեկի մոտ էլ քովիդ հաստատվեր, դպրոցը, հետևաբար՝ նաև վիքիակումբը, նորից անցնելու էին հեռավար աշխատանքի։ Սեպտեմբերի 26-ին իմ ամենամեծ վախը նորից հեռավար կրթության անցնելն էր։ Հեռավար կրթությունը խաթարում էր իմ աշակերտների՝ կրթություն ստանալու սահմանադրական իրավունքը, իրավունք, որ նրանք ունեին, անկախ նրանից, թե ինչ միջազգային կարգավիճակ ունեցող համայնքում էին ապրում։
Սեպտեմբերի 27-ին արթնացա աշակերտուհուս նամակից. «Ընկեր Թամարա, երևի արդեն գիտեք, թե ինչ է եղել»։ «Ի՞նչ է եղել, քովի՞դ է հաստատվել», արագ պատասխանեցի։ «Ի՞նչ քովիդ, ընկեր Թամարա, պատերազմ է սկսվել։ Արագ իջեք ապաստարան»…
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Քարվաճառը գրեթե դատարկվեց։ Իմ բոլոր աշակերտները տարհանվեցին՝ իրենց հետ տանելով վիքիակումբի համակարգիչները, որ շարունակեն խմբագրել։ Ամբողջ պատերազմի ընթացքում գրում էին ինձ. «Ընկեր Թամարա, մենք խմբագրում ենք, դուք հանգիստ եղեք։ Ամեն ինչ ավարտվի, հետ կգանք ու ավելի լավ ենք սովորելու»…
Պատերազմի ընթացքում մի քանի անգամ ուժերս հավաքելով գնացել եմ դատարկ վիքիակումբ, ջրել աշակերտներիս ցանած ծաղիկները՝ հավատալով, որ պահպանում եմ նրանց երազանքը…
Նոյեմբերի իննին Քարվաճառը հանձնվեց, հանձնվեց մեր կիսակառույց հյուրատունը՝ Արցախում շատ հյուրեր ընդունելու երազանքի հետ, հանձնվեց մեր վիքիակումբը՝ իմ տասնյակ աշակերտների մեծ երազանքների հետ, որոնք կապված էին նրանց չքնաղ ծննդավայրի հետ։
Մենք տեղահանվեցինք՝ նոր բնակավայրեր գտնելով։ Իսկ ի՞նչ եղան մեր երազանքները։ Նրանց սերտիֆիկատ տրվե՞ց, որ փորձեն նոր կյանք սկսել։ Փխրուն երազանքներն ո՞ւր են հիմա, շարունակո՞ւմ են պայքարել։
Թամարա Գրիգորյան


