
Փաշինյանի արևմտյան տերերը Սամվել Կարապետյանի հաղթանակը համարելու են Հայաստանում ռուսական ազդեցության վերահաստատում․ Լևոն Տեր-Պետրոսյան
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը «Ցավալի իրողություններ և խոհեր» վերտառությամբ հոդված է հրապարակել, ինչը ներկայացնում ենք ստորև․
«Հայության համախմբման խնդիրը
Աշխարհասփյուռ հայ ժողովրդի ամենացավոտ խնդիրը պառակտվածությունն է։ Հայաստանի անկախացումը և Արցախյան առաջին պատերազմում արձանագրված փայլուն հաղթանակը, կարծես թե, լուծել էին այդ խնդիրը։ Սակայն ստորացուցիչ պարտությունը մեզ կանգնեցրել է պառակտվածության նոր փաստի առջև։ Եթե դրան գումարենք Նիկոլ Փաշինյանի հախուռն քայլերը, ուղղված մեր հասարակության անմիաբանության խորացմանը, կրկին հայտնվում ենք նույն ճահճում թաղվելու վիճակում։
Առաջիկա ընտրությունների մասին
Փաշինյանի արևմտյան տերերը Սամվել Կարապետյանի հաղթանակը համարելու են Հայաստանում ռուսական ազդեցության վերահաստատումը, ինչն ամենևին չի մտնում իրենց հեռահար հաշիվների մեջ։ Ուստի, նրանք փորձելու են ամեն ինչ անել նման զարգացումը խափանելու ուղղությամբ, անտեսելով այն հանգամանքը, որ սեփական իշխանությունն ընտրելու բացառիկ իրավունքը պատկանում է ժողովրդին։ Անհրաժեշտ է մեկանգամընդմիշտ գիտակցել, որ Հայաստանի բնական դաշնակիցները ոչ թե հեռավոր արևմտյան երկրներն են (բացառությամբ Ֆրանսիայի, որի հետ մեր հումանիտար և մշակութային հարաբերությունները հաստատվել են դեռևս 20-րդ դարի սկզբին), այլ Ռուսաստանը, Վրաստանը և Իրանը։ Հուսադրիչ են նաև Չինաստանի և Հնդկաստանի հետ խորացող անկեղծ և ջերմ հարաբերությունները։ Ինչպես ասել է Օմար Խայամը.
«Դհոլի ձայնը լսելը հեռվից է անուշ»
Ավազե դոհոլ շենիդան ազ դուր խոշ աստ։
آواز دهل شنیدن از دور خوش است
Նիկոլ Փաշինյանը սեռական հայհոյախոսության հիմնադիր
Հայհոյանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ անպատկառության ցուցադրում և թերարժեքության բարդույթ։ Ուժեղը չի հայհոյում, ուժեղը պարզապես հարվածում է։
Ո՛չ Խորհրդային Հայաստանի տարիներին, ո՛չ էլ անկախության շրջանում հրապարակային խոսքում երբեք սեռական հայհոյախոսություն, որպես երևույթ, գոյություն չի ունեցել։ Դա Փաշինյանի և իր թիմի՝ ավանդապաշտ մեր ազգին պատիվ չբերող և խայտառակ նորամուծություն է։
Եկեղեցին իրավունքներ ունի, թե՞ ոչ
Ըստ Սահմանադրության և օրենքների, անշուշտ, ունի, և դա, քաղաքակրթական տեսակետից, աշխարհիկ պետությունների ձևավորման շրջանում բյուրեղացած՝ Պետության և Եկեղեցու հարաբերությունների կարգավորման մեծագույն նվաճումն է։ Այդ պարագայում ինչպես են դատական մարմինները բռնապետի հրահանգով քրեական հետապնդումների ենթարկում տասնյակ հոգևորականների։ Նրանք չե՞ն գիտակցում արդյոք, որ իշխանափոխությունից հետո իրենք են հայտնվելու դատապարտյալների աթոռներին։
Քննադատության նշանակության մասին
Հարցին, թե ինչպես եմ վերաբերվում իմ նկատմամբ հնչեցվող քննադատություններին, ես սառնասրտորեն պատասխանում եմ. Եթե քաղաքական գործիչը հարվածներ չի ստանում, նա քաղաքական գործիչ չէ։ Չկա և չի եղել որևէ քաղաքական գործիչ, ով քննադատության չի ընթարկվել։ Քննադատությունն այն կարևոր ու անհրաժեշտ խթանիչներից մեկն է, որը կոփում է քաղաքական գործչին։ Ով վախենում է քննադատությունից, քաղաքականության մեջ անելիք չունի։ Քաղաքականությունը զգաստանալու և համոզիչ խոսքով ու արմունկներով ճանապարհ հարթելու արվեստ է։ Ինչպես նշել էի իմ առաջին հարցազրույցներից մեկում. «Ով խառնվում է քաղաքականությանը, նա պետք է պատրաստ լինի ե՛ւ օրհնանք, ե՛ւ անեծք լսելու։ Ով պարտավորվում է ազգին ծառայել՝ նա ազգից պարգևներ ակնկալելու կամ նրանից խռովելու իրավունք չունի (Ընտրանի, Երևան 2006, էջ 77):
Մի քանի խոսք էլ այսպես կոչված ինքնաքննադատության մասին. ես չեմ ճանաչում որևէ մեկին, ով ինքն իրեն քննադատի։ Մազոխիզմով տառապողներն անգամ, այդպիսի քայլի չեն դիմում»։


