
Վե՞նս, թե՞ Ռուբիո․ Թրամփը չի կարողանում կողմնորոշվել՝ ու՞մ աջակցել նախագահական ընտրություններում․ WSJ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է որոշել, թե իր վարչակազմի երկու պաշտոնյաներից՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսից կամ պետքարտուղար Մարկո Ռուբիոյից որի՞ն է աջակցելու 2028 թվականի նախագահական ընտրություններում որպես հանրապետական թեկնածու․ գրում է The Wall Street Journal-ը։
Ըստ թերթի՝ Թրամփն իր Մար-ա-Լագո կալվածքի գոլֆի ակումբում կազմակերպված հովանավորչական միջոցառման ժամանակ մասնակիցներին հարցրել է, թե ում պետք է աջակցի՝ Վենսին, թե Ռուբիոյին։ Թերթը գրում է, որ «հյուրերն ավելի բարձր են ծափահարել Ռուբիոյի անվան ժամանակ»։
Միևնույն ժամանակ WSJ-ն նշում է, որ մտերիմները երկու քաղաքական գործիչներին ընկերներ են համարում, և Ռուբիոն հրապարակավ ու անձնական զրույցներում հայտարարել է, որ մտադիր չէ մրցակցել Վենսի հետ, որը համարվում է 2028 թվականի նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
Թերթի պնդմամբ՝ Թրամփն առավել կողմնակալ վերաբերմունք ունի Ռուբիոյի նկատմամբ՝ անձնական զրույցներում գովաբանելով նրան և իր գործընկերներին ասելով, որ պետքարտուղարը հնարավորություն ունի հաղթելու նախագահական մրցավազքում։ Ավելին՝ ամերիկյան առաջնորդի նոր ժամկետի սկզբից ի վեր ԱՄՆ արտաքին քաղաքականության ակտիվացումը Ռուբիոյին դարձրել է Սպիտակ տան ամենակարևոր դեմքերից մեկը, և նախագահը հաճախ է դիմում նրան խորհրդի համար։
Վերջին ամիսներին Վենսի կողմնակիցները հաճախ են պնդում, որ առաջատար աջակողմյան լոբբիստներին վճարում են փոխնախագահին քննադատելու համար, և որ նրա դեմ համակարգված մեդիա արշավ է տարվում։ Նա վայելում է Դոնալդ Թրամփ կրտսերի, աջակողմյան ակտիվիստ Չարլի Քըրքի այրու և լրագրող Թաքեր Կարլսոնի աջակցությունը։


